Ինչի մասին է Էրդողանի՝ Նիկոլ Փաշինյանին նվիրած գիրքը

Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպման ժամանակ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Գրքի նկարագրության մեջ նշվում է, որ հիմնվելով «հինգից մեծ աշխարհի» փիլիսոփայության վրա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած հրվածքն ուսումնասիրում է ՄԱԿ-ի պարտականությունները՝ ապահովելու կայուն և արդար աշխարհը։

Էրդողանը գրքում ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխման անհրաժեշտությունը՝ ավելի արդար և կայուն միջազգային կարգ հաստատելու համար՝ վերլուծելով գլոբալ քաղաքականության խնդիրները, որոնք ազդում են մոլորակի ապագայի վրա՝ կոռուպցիա, փախստականներ, խտրականություն, երկակի ստանդարտներ, միջազգային ահաբեկչություն, իսլամաֆոբիա։

Նշվում է, որ քրքում պետության ղեկավարը մանրամասնել է «ողջ մարդկության համար արդարություն ապահովելու Թուրքիայի ջանքերը»։

Գրքի հեղինակը ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են օրինականությունը, կարողությունները, արդյունավետությունը, ներառականությունը, ներկայացուցչությունը և կառավարումը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը։

Թուրքական պետության ղեկավարը, խոսելով գրքից, հայտնել է, թե նման աշխատանքի միջոցով ուղերձ է հղում, որ «աշխարհում, որտեղ երեխաներ են մահանում և որտեղ նրանց սպանում են, անմեղներ չկան»։

Թուրք առաջնորդի խոսքով՝ մի դարաշրջանում, երբ «ողորմությունը կորել է, քաղաքական գործիչները պարտավոր են ապահովել արդարություն և դառնալ խղճի ձայն»:

«Մեր ընկալմամբ՝ արդարությունն է, որ կապահովի աշխարհակարգը, աշխարհի փրկությունն ու երջանկությունը։ Գլոբալ կարգի կարիք կա, որը վստահություն և հույս կհաղորդի ավելի արդար աշխարհի ձևավորման համար»,- տառացիորեն ասվում է գրքում։

Թուրքուվազ Քիթափի կողմից հրատարակված և անգլերեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով թարգմանված գրքի ողջ հասույթը տրամադրվում է Թուրքիայի կառավարության Աղետների կառավարման և ճգնաժամերի վերահսկման մարմնին (AFAD):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ