«Հիմա «պեյջերներով են» մարդկանց տրաքցընում. Արշակ Կարապետյանի ցնցող ցուցմունքները Կրեմլի մտադրությունների մասին

Ռուսաստանում ծվարած կամ (իր իսկ բառամթերքն օգտագործենք) «վեր ընգած» Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, պարզվում է, լավ ինֆորմացված է պետական պաշտոնյաներին «շարքից հանելու» ժամանակակից ահաբեկչական տեխնոլոգիաներին, դրանց վերջին միտումներին և հեգնանքով է արձագանքել ԱԱԾ-ի վերջին բացահայտմանը իշխանության յուրացման փորձի վերաբերյալ։ Հայրենիքի վիրտուալ փրկիչ երբեմնի նախարարը հարցազրույց է տվել հայրենական (նկատի չունենք՝ ռուսական) կայքերից մեկին ու կիսվել թեմայի վերաբերյալ իր «գիտելիքներով»։ Քանի որ պարոն Կարապետյանը գեներալի ուսադիրների տակ գտնվող անձ է (թող որ՝ «պրոֆնեգոդնի» լինելու հիմքով պետական ապարատից «դուրս գրված»), ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ էլ (Շոյգուի ականջը կանչի) նստել-վեր է կացել, զենք ու զրահով է փոխանակվել, ուրեմն հաստատ գիտի՝ որը որից հետո է, և որը՝ ինչի համար, հետևապես նրա հարցազրույցի այդ հատվածը պետք է պատշաճ ուշադրության արժանանա ՀՀ հատուկ ծառայությունների կողմից։

Գեներալը նախ ազդարարել է՝ «թող իրենց (ՀՀ իշխանությանը-խմբ.) չթվա, որ իրենք ըտեղ, ռուսերեն մի բառ կա՝ վեչնի վեր ընգած են լինելու», ապա նկատել. «Էն օրը տեսա, որ մի քանի հոգու հայտարարեցին… կինո են նկարում՝ ձերբակալում են, դանակներ են… թե՝ դանակներով ո՞վ ա էթում իշխանափոխություն անի զինված, ճիշտն ասած՝ չեմ հասկանում։ Բացի դրանից երկրորդ խումբն են… սրանից մի 6 ամիս առաջ էլ մի ուրիշ խմբի մասին էին ասում։ Ես միշտ ասել եմ՝ մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ։ Մենք դեմ ենք դրան, դրա համար էլ մենք կուսակցություն ենք ստեղծել, դրա համար էլ օրինական դաշտում ենք ուզում գործենք։ Մենք դեմ ենք, որ հայի արյուն թափվի, ես բազմիցս ասել եմ, այդ թվում եթե այդ արյունը վերաբերվի մեր կողմից նույնիսկ ամենաատելի մարդուն։ Բայց դե՝ էդ ի՞նչ ա… Մարդիկ արդեն «պեյջերներով» են տրաքցընում, արդեն այդ… հեռավոր կապով են մարդկանց պայթեցնում (ժպտալով-խմբ.), մեզ ասում են՝ մեքենայի տակ ուզում են բան դնեն… Լսեք, էդ «Կոզա Նոստրայի» (սիցիլիական մաֆիա) ժամանակները շուտվանից անցել ա, էսօր կան ժամանակակից միջոցներ, էդ ո՞ւմ եք հեքիաթ պատմում։ Ասում ա՝ Նիկոլի ավտոյի տակ պայթուցիկ են ուզեցե դնեն։ Էդ ո՞րդեղ, էդ Ուկրաինայի պատերազմի ժամանակ մեկի ավտոյի տակ… ե՞րբ են վերջին անգամ դրե… Էս ի՞նչ եք խոսում»։

Իրոք, զարմացած, եթե չասենք՝ ապշած ենք պարոն գեներալի՝ տեռորիզմի վերջին միտումների մասին «հարուստ գիտելիքներից»։ Երևում է, որ «мастер своего дела»։ Առաջարկ ունենք՝ թող օնլայն սեմինար պարապմունքներ կազմակերպի նորաթուխ, իր նման վիրտուալ հայրենափրկիչների համար ու տեղը տեղին բացատրի պետական բարձրաստիճան անձանց սպասարկող ավտոները պայթեցնելու «առանձնահատկությունները»։ Մի հիշեցում էլ՝ ի պատասխան նրա այն հարցի, թե երբ է վերջին անգամ կիրառվել «ավտո տրաքցընելու» մեթոդը։ Այս մեթոդն, ի դեպ, հենց այն երկրում է կիրառվել, որտեղ ծվարել է ինքը՝ Կարապետյանը։ 2022-ի օգոստոսին Մերձմոսկովյան տարածաշրջանում պայթեցվեց ռուս հայտնի վերլուծաբան, իր ընդգծված հակահայ դիրքորոշումներով հայտնի, Կրեմլի իդեոլոգ Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դուգինայի մեքենան։ Պայթյունի ժամանակ վերջինս եղել է մեքենայում և տեղում մահացել։ Ռուսական ԶԼՄ-ները վարկած էին առաջ քաշում, որ այդ՝ պայթեցված մեքենան, որը պատկանում էր Ալեքսանդր Դուգինին, հենց ինքը պետք է վարեր, սակայն վերջին պահին նա նստել է մեկ այլ մեքենա և, ըստ էության, փրկվել։ Ինչևէ։ Ի դեպ, պաշտոնական Կիևը հայտարարեց, որ կապ չունի Դուգինի մեքենան պայթեցնելու հետ։ «Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք հանցագործ պետություն չենք, որը Ռուսաստանի Դաշնությունն է, և առավել ևս՝ ահաբեկչական»,- հայտնել էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմից:

Պարոն Կարապետյանին մաղթելով շառից-փորձանքից հեռու գործունեություն և հատկապես երթևեկություն՝ անդրադառնանք նրա հարցազրույցի մյուս հատվածին, որտեղ նա խոսում է իր՝ վիրավորված լինելու մասին։ Խոսքը ոչ թե ֆիզիկական իմաստով վիրավորվածության մասին է, այլ… բարոյահոգեբանական։ «Գիտե՞ք ինչն ա ինձի ամենավիրավորականը, որ երկու հայ մի բան պլանավորում են, անպայման ասում են՝ չէ, էտի հայը չի, ռուսն ա կամ՝ ամերիկացին ա։ Նորից եմ ասում՝ մենք չենք դառե ինքնուրույն պետություն, մենք չենք հասկանում, որ մեր անվտանգության համար պատասխանատուն մենք ենք։ Եթե հայը պլանավորում ա ՀՀ-ում հեղաշրջում, մեր ժողովուրդը ընդունում ա, որ՝ գիտե՞ք սա Մոսկվան ա պլանավորե կամ՝Վաշինգտոնը։ Այ ցավն ըտեղ ա։ Մենք նույնիսկ մեր հեղափոխությունը չենք կարում ներսում անենք, որ համարենք, որ հայերն են արել։ Գոնե ինքներս տենց համարենք։ Մենք որ երկար դարերի ժամանակ չենք ունեցե անկախություն, մենք կորցրել ենք մեր մեջ անկախությունը։ Եթե Կարապետյան Արշակը Մոսկվայում ասում ա իշխանությունը պետք ա հեռացնենք, մենք չենք ընդունում, որ դա Արշակ Կարապետյանը որպես հայ գեներալ ա ասում։ Մենք ասում ենք՝ չէ, Մոսկվան ա ասում։ …Այ ստեղ ա մեր ցավը, մենք ինչ որ վերագրում ենք մեկ ուրիշի։ Ծիծաղում են մեր վրա, մեզ ասում են՝ լսե՛ք, ասում են (ռուսերենով-խմբ.)՝ դուք ասում եք, որ 5 հազար տարեկան ենք, եթե ինչ-որ բան ուզում եք անել, արեք ինքներդ։ Ասում ա՝ դուք արեք, արա… Մոսկվան, կներեք, տենց ճարը կտրել ա, էդ 5 հոգու վրա ա՞ հույսը դրե։ Մոսկվան ուզի ՀՀ-ում իշխանություն փոխի, գիդեք թե՝ հայերը իրան պետք ե՞ն։ Մի հատ նստեք, մտածեք, էլի… (բարկացած տոնով-խմբ.)։ Մենք ընենց ենք վերաբերվում, ոնց որ մենք ԱՄՆ-ն ենք, ու Մոսկվան ուզում ա էնտեղ իշխանություն փոխի ու չի կարում։ Իհարկե չի կարա, որովհետև դա էլ ա գերպետություն, սա էլ ա գերպետություն։ Բայց եթե ՌԴ-ն ուզի, կամ՝ Վաշինգտոնը ուզի էսօրվա մեր իշխանությունը ըտեղից թռնի, հավատացեք՝ իրան ոչ Կարապետյան Արշակն ա պետք, ոչ Պողոս Պողոսյանն ա պետք, ոչ մեկ պետք չի։ Ուղղակի առավոտ կզարթնենք, կտենանք, որ էդ իշխանությունը չկա։ Գոնե մի բան ինքնուրույն ա պետք մտածել, մի բան։ Ասում եմ՝ ճարները կտրած ինչ-որ մեկի վրա հույս են դրե, որ էտի գնա ինչ որ… Մի հատ նայեք՝ ում հետ գորձ ունեք (ակնարկելով ՌԴ-ին-խմբ.)։ Ես դրա համար ուզում եմ, որ մեր ժողովուրդը բոլոր դեպքերում հասկանա, որ ինքը պետություն ա»։ Բրավո Արշակ, բրավո… Մոսկվայում, մասնավորապես՝ Կրեմլում, ենթադրում ենք, բարձր կգնահատեն հայ գեներալի ցուցադրած ստրկամտության այս բացառիկ ակտը և երևի թե մեդալ կտան՝ «3а низкопоклонство перед Кремлем», եթե, իհարկե, մինչև այժմ չեն տվել։ (ՀՀ ԱԱԾ-ն էլ, հուսանք, ուսումնասիրության առարկա կդարձնի նախկին բարձրաստիան պաշտոնյայի՝ ՌԴ-ի դեմ տրված այս ուշագրավ ցուցմունքները, մասնավորապես ՀՀ-ում «մեկ գիշերվա» մեջ հեղաշրջում անելու վերաբերյալ)։

Իսկ մեզ մնում է սարսափով արձանագրելը. փաստորեն, սեփական երկրի ու ժողովրդի մտավոր կարողությունների, հավաքական գիտակցության մասին նման քստմնելի պատկերացում ունեցող, Հայաստանը լաթի կտորի տեղ դնող անձը պետական բարձր ու պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ու երկրի անունից հանդես եկել։ Գեներալի ուսադիրներ կրող անձը, որը «վեշերը հավաքել», լքել է պետական ապարատը, ապա՝ «վեշերը հավաքել», Մոսկվա է մեկնել, նկատենք, «5 հազար տարվա պատմություն ունեցող ժողովրդի» կողմից ընտրված ՀՀ իշխանությանը իր հերթին հորդորել է «վեշերը հավաքել» ու «էդտեղից շուտափույթ գնալ»՝ չմոռանալով կիրառել հոգեբանական ահաբեկչության տրյուկը։ «Եվ եթե արդեն երկրորդ խումբն են վնասազերծում, նշանակում ա՝ իմ ասածները հաստատվում ա, որ մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջև։ Ասում եմ՝ եթե իրանց հայտարարությունը նայում եմ՝ կես տարվա մեջ երկու խումբ… էդ շատ ա։ Ուրեմն ներքին առումով մենք ապահով չենք»։ «Համահայկական ճակատ» անունով կուսակցություն գրանցած նախկին նախարարը դիմել է բոլորին, «մանավանդ զորացրված սպաներին»՝ ընդգրկվելու իր կուսակցության մեջ, «քանի որ մենք ունենք նպատակ ու հասնելու ենք դրան»։ Տեսնես՝ ինչ եղանակով են հասնելու իրենց այդ նպատակին՝ Կազանովայի… օյ, ներեցեք՝ «Կոզա-նոստրայի՞», թե՞ այլ՝ հեղաշրջման արդի տեխնոլոգիաների կիրառման եղանակով։

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «ԱրԲատ» ստորաբաժանման (որի բազայում էլ, ըստ ՀՀ իրավապահների, Կարապետյանի ասած «էն 5 հոգին» «վերապատրաստում» են անցել) մասին մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք մի տեսագրության, որում ՀՀ-ում հեղաշրջում պլանավորելու համատեքստում նշվում էր նաև Արշակ Կարապետյանի անունը։ «ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանին, որը աշխատում է ՀՀ-ն գուբերնիա դարձնելու ուղղությամբ, 24 ժամ ժամանակ է տրվել հերքելու կամ ներողություն խնդրելու այն հայտարարության համար, որի մասին ինքը լավ գիտի։ Ժամանակը լրացել է, եկել է մեր ժամանակը»,— նշվում էր հիշյալ տեսահոլովակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ