Ռոբերտ Քոչարյանին պիտի ձեռնաշղթաներով բերեն դատարան, նա պետք է լինի բանտում, դա մեր ազգի երազանքն է. Անի Խաչատրյան

1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կրկին մեղադրյալի աթոռին են հայտնվել։

Դատախազությունը ««Մարտի 1»-ի գործի քննությունը սկսել է զրոյից՝ չբացահայտելով՝ հոդվածը: Մեղադրյալներին, սակայն, նոր հոդվածով դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը լիահույս է, որ այս մեղադրվողները պատասխանատվության կենթարկվեն, կիրականացվի արդար քննություն:

«Ես այն մարդկանցից եմ, որ երազում էի երկրում իշխանություն փոխվելու մասին, որպեսզի «Մարտի 1»-ի գործը ունենա մեղավորներ, բայց գործը դեռ նույն տեղում է։ Հիմա հույս ունեմ, որ որոշակի արդյունք կունենանք։ Մենք անցել ենք «Մարտի 1»-ի միջով, մեր կուսակցությունը տուժածների շարքում է։ Այնքան հոդվածներ կան, որ կարելի է առաջադրել մեղադրյալներին, նույնիսկ վերանայել նախկին հոդվածները, պարզել՝ ինչո՞ւ առաջ դրանք չկային»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Խաչատրյանը միաժամանակ հույս է հայտնում, որ այս անգամ գործի վերաբերյալ «վաղեմության ժամկետ» ասվածը չի կիրառվի։ Նա այն համոզմանն է, որ «Մարտի 1»-ը և «Հոկտեմբերի 27»-ը այնպիսի հանցագործությունների թվին են դասվում, որոնց դեպքում այդ սկզբունքը չպետք է գործի։

Հիշեցնենք, որ Քոչարյանը և մյուսները արդարացվել էին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց վերագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածը: Վերջիններս արդարացրել էին այն կետով, որ վերագրվող հոդվածն այլևս գոյություն չունի։ Գլխավոր դատախազությունը արդարացման որոշումը բողոքարկել էր մինչև Վճռաբեկ դատարան։

Ըստ գործով մեղադրող դատախազի՝ դեռ չի սկսվել խափանման միջոցների հարցի քննությունը: Դատախազի խոսքով՝ դա ևս սահմանված ընթացակարգով է արվելու։

Սեյրան Օհանյանը զրոյից սկսած նոր գործը որակում է քաղաքական հետապնդում, իսկ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատին, քանի որ, ըստ նրա գրասենյակի տարածած հայտարարության, մասնավոր այցով արտերկրում է և ծանուցում չի ստացել:

Անդրադառնալով Քոչարյանի՝ դատարան չներկայանալուն՝ Անի Խաչատրյանն ասում է. «Ուզում եմ, որ հաջորդ անգամ ոչ թե Քոչարյանը գա, այլ իրեն բերեն դատարան։ Չեմ ուզում ինքը գա, այլ համապատասխան ձևով տեսնենք բերելը, դա ինձ հաճույք է պատճառելու։ Չնայած այն փաստն էլ, որ Քոչարյանը գոնե մի քանի ամիս անցկացրել է բանտում, ինձ, ով անցել է «Մարտի 1»-ի միջով, այսքան տարի պայքարել է քոչարյանական կլանի ու դրան վերաբերվող ամեն ինչի դեմ, հաճույք է պատճառել, դրանից հոգիս փառավորվել է։ Նա պետք է տա այդ ամենի պատասխանը, բայց միևնույն ժամանակ անմեղության կանխավարկածը չպետք է մի կողմ դնենք։ Իրեն պետք է ձեռնաշղթաներով բերեն, երկրորդ անգամ բանտում պետք է տեսնենք, դա ազգի մեծամասնության երազանքն է»:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդման մասին հայտարարություններին, ապա, ըստ «Հանրապետություն» կուսակցության անդամի, նման հայտարարությունները տարբեր քրեական գործերի մասով անում են միայն այն մարդիկ, որոնք անցնում են տվյալ գործերով․ «Շատերը իրենց լափամանների համար են պայքարում, պաշտոնների։ Սեյրան Օհանյանի դեպքում կարող ենք ասել, որ նրա կինը բազմագույն ծաղիկների հրապարակումներ չունենալու համար ամուսնուն ճնշում է և ստիպում նման բաներ խոսել»։

Խաչատրյանը այս գործի վերաբացելը ևս մեկ դրվագով է կարևորում: Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների հեղինակները այսօր էլ երկրում ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել։ Վերջինիս խոսքով՝ տարիների անպատժելիությունը նախկին իշխանություններին թույլ է տալիս, որ քաղաքական օրակարգում «սրբազան պայքարերով» հանդես գան։

«Շատ ցավում եմ Սեյրան Օհանյանի համար, ինձ համար ինքը գոյություն ուներ իր անցած մարտական ճանապարհով, բայց Քոչարյանի ձեռագիրն է՝ բոլոր հերոսներին ու պատվով մարդկանց բերել ու փչացնել։ Հիմա այդ փչացածներից մեկն էլ Սեյրան Օհանյանն է։ Այսօր ես տվյալ քրեական գործի ճակատագիրը տեսնում եմ արդար դատական համակարգով գործը բացահայտելու մեջ։ Բայց եթե քոչարյանամերձ դատավորների ենթակայության տակ այն լինի, միանշանակ չի բացահայտվի, իսկ այդպիսի դատավորներ կան Հայաստանում։ Ամեն դեպքում կարող ենք ասել, որ գուցե գործը զրոյից սկսելն էլ ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը գնում է դատական համակարգի փոփոխությունների հստակ ճանապարհով»,- համոզմունք է հայտնում զրուցակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ