Անշարժ գույքեր Երևանում, եկամուտներ աշխատանքից և հիպոթեք. ինչ է հայտարարագրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա Երևան քաղաքում համատեղ սեփականությամբ բնակարան ունի, որը ձեռք է բերել 2022 թվականին, ինչպես նաև՝ միանձնյա սեփականությամբ 2004 թվականին ձեռք բերված արտադրական նշանակության շինություն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում։

Բարձր դատարանի նախագահը 2023 թվականին որպես նվիրատվություն ստացել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան, որը գտնվում է Երևան քաղաքում։

Տարվա ընթացքում նա 4 միլիոն 553 հազար 730 դրամ արժեքով կրկին Երևանում ձեռք է բերել ավտոկայանատեղի։

Թվարկված անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

ՍԴ նախագահը 4 միլիոն 148 հազար 357 դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի ՍՊԸ-ից, ինչպես նաև՝ 3 միլիոն 200 հազար դրամի չափով բանկային ավանդ։

Որպես դրամական միջոց Դիլանյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 միլիոն 451 հազար 85.21 դրամ, 14 դոլար: 14 դոլարը տարեվերջին պահպանվել է, իսկ մնացածը դարձել են 411.25 եվրո, 3 միլիոն 571 հազար 884.76 դրամ։

Տարեսկզբին առկա կանխիկ դրամներից 30 հազար եվրոն տարեվերջին պահպանվել է, իսկ 55 հազար դոլարը, 20 միլիոն դրամը՝ դարձել 57 հազար դոլար և 25 միլիոն դրամ։

Արամն Դիլանյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 32 միլիոն 896 հազար 875.38 դրամ: Դրանից 162 հազար 148 դրամը նա որպես այլ եկամուտներ ստացել է «Ինեկոբանկ»-ից, 4 միլիոն 735 հազար 179 դրամ այլ եկամուտներ էլ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Սահմանադրական դատարանում ՍԴ նախագահի աշխատավարձը կազմել է 26 միլիոն 455 հազար 232 դրամ: Վերջինս աշխատավարձ է ստացել նաև ««Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատություն»-ից, որը կազմել է 504 հազար 258 դրամ։

Ընդհանուր եկամուտներից 65 հազար 438 դրամ Դիլանյանը ստացել է «Հայաստանի հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, 761.25 եվրո միանվագ վճար էլ՝ Եվրոպայի խորհրդից: 653 հազար 449 դրամ որպես այլ եկամուտներ նա ստացել է կրկին Սահմանադրական դատարանից։

Բարձր դատարանի նախագահը հիպոթեք ունի, որի վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 37 միլիոն 735 հազար 779.8 դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ