Պուտինը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական խաղաղությամբ․ դա «մահ» է նաև Ալիևի ռեժիմի համար

Իլհամ Ալիևը, Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալով, հերթական անգամ անդրադարձել է Հայաստանին՝ մեղադրելով ռևանշիզմի, զինվելու և ժամանակ ձգելու մեջ։ Նա որպես դրա ապացույց մատնանշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից Հայաստանի հրաժարումը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նկատում է՝ Ալիևի քաղաքականությունը՝ խնդիրները «հիվանդ գլխից առողջ գլուխ տեղափոխելու», չի փոխվում։ Բացի դրանից, Ադրբեջանը շատ ավելի մեծ թափով է զինվում, քան Հայաստանը։

Ալիևը խոսել է զինվելու կարևորության մասին, որպեսզի Ադրբեջանն ապագայում խնդիրների չբախվի։ Ստեփանյանը հակադարձում է. «Եթե Հայաստանը քիչ ուշադրություն դարձնի ռազմականացման խնդիրներին, ապա մենք ոչ թե ապագայում ենք խնդիրներ ունենալու, այլ հենց վաղը Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Ալիևը դիտարկում է, որ ապագայում աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխվել։ Ինքը պետք է այնքան զինված լինի, որ առաջին հերթին սեփական ռեժիմը պահի։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին միջուկային զենքն ինչի՞ համար է պետք. որպեսզի իր ռեժիմը դրսից չփոխեն։ Նույն բանը Ալիևն է մտածում։ Ոչ ոք չգիտի՝ վաղը աշխարհաքաղաքական ինչ իրավիճակ կլինի։ Ալիևի երաշխավորը ռազմականացումն է»,- ասաց Ստեփանյանն ու, անդրադառնալով Մինսկի խմբից Ալիևի ունեցած մտահոգություններին, նշեց, որ Ադրբեջանի նախագահի վախերը արդարացված են։

«Մինսկի խմբի դե յուրե գոյությունը նշանակում է, որ արցախյան խնդիրը դեռ գոյություն ունի, այն լուծված չէ։ Մինսկի խումբը ցրել նշանակում է փակել Արցախի խնդիրը։ Այն փակված չէ։ Ալիևը ամբողջ աշխարհին համոզում է, որ Արցախի խնդիրը նա լուծել է, բայց դա այդպես չէ։ Միայն Թուրքիան և Ռուսաստանն են դա ընդունում։ Որևէ այլ երկիր այդպիսի հայտարարություն չի արել»,- ասաց Ստեփանյանն ու հիշեցրեց երեկ Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որտեղ վերջինս խոսել էր արցախյան խնդրից։ Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմը միանշանակ պետք է ամեն ինչ անի, որ Մինսկի խումբը չլուծարվի։

Ի պատասխան Ալիևի մեղադրանքների, թե հայկական կողմը իրականում խաղաղություն չի ուզում, փոխարենը ժամանակ է ձգում, քաղաքագետը նշեց, որ հենց Ադրբեջանն է, որ խաղաղություն չի ուզում։ Որովհետև այդ դեպքում կստացվի, որ հայն այլևս թշնամի չէ ադրբեջանցուն, իսկ դա «մահ» է Ալիևի ռեժիմի համար, որովհետև իր ռեժիմը կառուցված է հայի ու ադրբեջանցու արյան վրա։

Երկրորդ, ըստ քաղաքագետի, Ալիևը Պուտինի առջև պարտավորություններ ունի։ «Վերջիվերջո ռուս խաղաղապահները հենց այնպես չեն դուրս եկել Արցախից։ Պայմանավորվածություններ կան Ալիևի հետ։ Պուտինը շահագրգռված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն չլինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ