Լիբանանահայ համայնքը կրում է այն ծանրագույն հետևանքները, որին ենթարկվում է Լիբանանը. Շահան Գանտահարյան

Լիբանանի հարավի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով 500 մարդ է զոհվել, ավելի քան 1645-ը վիրավոր է։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում են 35 երեխա և 42 կին։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ ներկա պահին հրթիռակոծությունը շարունակվում է, Իսրայելն իր առջև խնդիր է դրել հյուսիսային Իսրայելի ավտանգության, խաղաղության վերականգնման, ինչը նշանակում է այնտեղից տեղահանված ժողովրդի վերադարձ, ինչն էլ իր հերթին պայմանավորվում է Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» դիրքերի նահանջի կամ երկու երկրների սահմանների միջև անվտանգության գոտու ստեղծման առաջադրանքով։

«Հայտարարել են, որ իրենք թիրախավորելու են «Հըզբոլլահի» ռազմական օբյեկտները, և այդ առումով նաև կոչ են արել Լիբանանի քաղաքացիներին շտապ կերպով լքել «Հըզոբալլահի» հենակետերի տարածքները։ Փախստականների ալիք կա, որովհետև ռազմական շրջաններից ժողովուրդը գնում է համեմատաբար ավելի ապահով շրջաններ, և սա իր հերթին առաջացնում է փախստականների նոր ալիք։ Քաղաքական անորոշությանը և տնտեսական ճգնաժամին ավելացել է այս ռազմական բախումների նոր էսկալացիան, նոր մագլցումը, և փաստորեն գերլարված, սպասողական իրավիճակ է՝ անորոշությամբ հատկանշվող»,- ասաց Շահան Գանտահարյանը։

Նա նշեց, որ Հարավային Լիբանանում կամ Բեյրութի հարավային արվարձաններում, կամ ընդհանրապես բախումների կետերում, որպես այդպիսին, կազմակերպված հայ համայնք չկա, ժամանակին Հարավային Լիբանանում հայություն եղել է, բայց հիմա չկա։ Վերջինիս խոսքով՝ չի բացառվում, որ գործարարները գնում-գալիս են այդ շրջաններ, զոհվածների կամ վիրավորների ցուցակներում հայերի անուններ չկան, բայց լիբանանահայ համայնքը, բնականաբար, Լիբանանի ժողովրդի և հասարակության մաս է կազմում և կրում է այն ծանրագույն հետևանքները, որին ենթարկվում է Լիբանանը և՛ քաղաքական անորոշության, և՛ տնտեսական ճգնաժամի, և՛ անվտանգային խնդիրների առումով։

Խոսելով նաև այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում հայ համայնքի պաշտպանության համար, Շահան Գանտահարյանն ասաց. «Պաշտպանության առումով գործողությունների մշակման խնդիր դեռևս չկա, բայց բնականաբար կարող են խորանալ այս իրավիճակները, և դա կհանգեցնի սոցիալական, կենցաղային խնդիրների. նախադեպերը կան՝ ջրի, հոսանքի մատակարարաման, սննդի։ Եթե իրադարձություններն ավելի զարգանան, կամ, օրինակ, եթե օդանավակայանը փակվի կամ պաշարում լինի, ինչը եղել է։ Այս պահի դրությամբ նման խնդիրներ չկան, չնայած բավականին մեծ թվով ավիաընկերություններ չեղարկել են իրենց թռիչքները, բայց դրանք հերթական արարներ են, որոնք համեմատական խաղաղության հետ կվերադառնան։ Այս համայնքը ևս կուտակել է որոշակի փորձ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում՝ անվտանգային, ֆինանսական, տնտեսական և սոցիալական, միավորվելու և ժողովրդի տարբեր կարիքները հոգալու առումով»,- եզրափակեց Շահան Գանտահարյանը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ