Խոշոր վթար Արարատի մարզում. կողաշրջված մեքենայի 3 տուժած ուղևորները դպրոցում կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն են

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «UAZ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «UAZ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնում են հերթապահություն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ «Dodge»-ի մեջ եղել են օրեր առաջ Վեդիի դպրոցներից մեկում առեղծվածային հանգամանքներում մարմնական վնասվածքներ տստացած և մինչ այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կոմայի մեջ գտվող 10-ամյա երեխայի հարազատները, որոնք մեկնում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հիշեցնենք՝ արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Ըստ աղբյուրի՝ երեխայի հորաքույրը զրույցում նշել է, որ աղջնակի աջ թևը կոտրված է եղել, ինչպես նաև 3 տեղից կոտրված է եղել գանգուղեղը, երեխան կոմայի մեջ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ