Մեր առաջնահերթությունը մեր հարևաններն են, որոնց հետ սահման և անվտանգություն պահպանելով՝ կհասնենք փոխըմբռնման. Փեզեշքիան

«Խաղաղությունն ու անվտանգությունը պետք է փոխարինեն պատերազմին ու արյունահեղությանը աշխարհում: Իրանն իրականում այն չէ, ինչ ցույց են տալիս համաշխարհային լրատվամիջոցները, երկիրը պատրաստ է ապրել խաղաղության և անվտանգության մեջ ողջ աշխարհի հետ»։

Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը Նյու Յորքում ամերիկյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր տեսակետը երկրի, տարածաշրջանի և աշխարհի նկատմամբ պարզ և թափանցիկ է, երբ ես առաջադրվեցի Իրանում ընտրություններում, իմ կարգախոսն էր միասնությունը և ամբողջականությունը, քանի որ նախ պետք է վերացնել այն պառակտումները, որոնք կան երկրում»,-հավելել է նա։

Նախագահը, ընդգծելով, որ Իրանը պատկանում է բոլոր իրանցիներին, ասել է, թե ինքը կապված չէ որևէ խմբի կամ խմբակցության հետ, այդ իսկ պատճառով մարդիկ սատարել են հենց իրեն:

«Միջազգային հարաբերություններում մեր առաջնահերթությունը մեր հարևաններն են, որոնց հետ սահմանները, տարածքներն ու անվտանգությունը պահպանելով կհասնենք փոխըմբռնման և կկանխենք յուրաքանչյուրիս ներքին անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն»։

Նա, ասելով, որ Իրանն ունի բազմահազարամյա քաղաքակրթություն, հավելեց, որ այն, ինչ համաշխարհային լրատվամիջոցները ցույց են տալիս Իրանի մասին, ճիշտ չէ, ուստի Իրանը պատրաստ է խաղաղության և անվտանգության մեջ ապրել ողջ աշխարհի հետ և չձգտել անկարգությունների:

«Մենք եկել ենք այստեղ՝ աշխարհին հասցնելու մեր ուղերձը, սա մեր խորին համոզմունքն է, և մենք փորձում ենք հնարավորինս ներքին և արտաքին հետևողականություն դրսևորել»,- եզրափակել է նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ