Ամեն ինչ արդեն վերջացել է. ընդդիմության հույսը բռնի ուժով իշխանափոխությունն է

«Ժողովուրդը 2021 թվականին ընտրություն է կատարել և ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երեք ամիս անց արդեն նախընտրական տարի է սկսվում, ի՞նչ նպատակ են իրենք հետապնդում։ Եթե արտահերթ ընտրություններ, ապա 35 պատգամավոր ընդդիմությունը այլևս չի ունենա խորհրդարանում։ Հիմա իրենց գործունեության ֆորմատը արդյունավետ չէ և քաղաքական չէ, այլ բռնի իշխանազավթման կոչ է»։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարությանը, թե իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Գալստանյանը և իր կողքը հավաքված Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պայքարելու են անարդարությունների ու կոռուպցիայի դեմ, Բագրատյանը դա լուրջ չընկալեց. «Չի կարող կոռուպցիայով իշխանությունը, որը հեռացվել է, պայքարել կոռուպցիայի դեմ։ Եթե իրենք ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, ուրեմն իրենց շարքերը պետք է մաքրեն, իրենց շարքերի կոռուպցիոներներին պետք է մաքրեն»։

Բագրատյանը հավելեց, որ ընդդիմության տարբեր տրամաչափի գործիչներ հայտարարում են, որ ուժով պետք է վերցնել իշխանությունը, սակայն կան նաև այնպիսիք, որոնք կողմ են ժողովրդավար ձևով պայքարին։ Իսկ ինչ վերաբերում է, որ հասել են պայքարի վերջական փուլին, Բագրատյանը ասաց. «Հասել են ինչի՞ վերջին, այն, ինչը որ պետք է վերջացնեն, արդեն վերջացել գնացել ա, ուղղակի պետք է փաստեն ու հայտարարեն դրա մասին»։

Երեկ Բագրատ Գալստանյանի հավաքին հնչեց նաև հայտարարություն, որ Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատն է։ Բագրատյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց. «Այդ նույն ընդդիմության ուժերից մեկի ղեկավարը 2008թ.-ին ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Արարատ լեռը ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից հանել էր։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Արարատն է, բայց, ցավոք սրտի, Արարատը հիմա Հայաստանի տարածքում չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ