Այս քաղաքական ակցիայի ղեկավարներն ունեն թաքնված նպատակ․ ԱԱԾ-ն պետք է հետևողական լինի

Երեկ Մարզահամերգային համալիրում Բագրատ Գալստանյանը հայտարարել է պայքարի նոր և ակտիվ փուլի մասին և տեղեկացրել, որ հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք են անելու։

Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ սա արդեն ընդդիմադիրների նախընտրական քարոզարշավն է, քաղաքագետն ասաց. «Նման է նախընտրական քարոզարշավի։ Նշենք, որ մարդկանց քանակը, որը հավաքվել էր Մարզահամերգային համալիրում, կանխատեսումների շրջանակներում էր, այն 2-3 հազար մարդիկ էին, որոնք վերջին ժամանակները և այս քաղաքական ակցիայի մարելու ժամանակներում՝ հունիսի վերջին, հավաքվում էին, այսինքն՝ առավել ակտիվ հատվածը։ Եվ աղերս անգամ չկար այնպիսի թվերի հետ, որի կուլմինացիոն կետն այս տարվա մայիսի ինն էր։ Կարելի է ասել, որ, որպես այդպիսին, մենք նորություն չենք տեսնում, իսկ պայքարի նոր տրամաբանությունը հավանաբար հետևորդներին հնարավորինս ավելի ակտիվ պահելն է՝ հենց հերթական ընտրությունների տրամաբանության մեջ»,- ասաց քաղաքագետը։

Վերջինս, սակայն, նշեց, որ բավական շուտ է, մինչև հերթական ընտրությունները դեռ երկու տարի կա, և երկու տարի պահել հետևորդների ակտիվությունը բավականին բարդ է լինելու։

Գալստանյանը նաև հայտարարել է, թե ինքը չի առաջնորդում քաղաքական պայքարը, այլ ինքը միավորողն է։ Ուշագրավ է, որ օրեր առաջ Գալստանյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Հավանաբար, որպես միավորող նկատի ունի, որ միավորում է քաղաքական այդ թևը՝ հենց նշված դերակատարներով, գուցե մեկ-երկու այլ դերակատարներ ևս։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ մարդկանց այն քանակը, որը հավաքվում է, և մարդկանց այն քանակը, որը տեղում չէ և սոցիալական ցանցերում կամ այլ ձևերով է աջակցում, իրականում այնքան էլ մեծ չէ, անկախ նրանից՝ այստեղ միավորում կա, թե չկա տարբեր թևերի միջև։ Այսինքն՝ փաստացի կոնտինգենտը, որի վրա կարող է հիմնվել այս քաղաքական ակցիան, այդքանն է։ Խնդիրը հանավաբար այն է, որպեսզի այդ կոնտինգենտը չբաժանվի մասերի, որպեսզի նրանք կարողանան քաղաքական դաշտում քաղաքական գաթայից ինչ-որ մի հատված գոնե այդ ռեսուրսի միջոցով վերցնել և պահել»,- ասաց քաղաքագետը։

Գալստանյանի երեկվա միջոցառման ժամանակ ելույթ ունեցողներից ոմանք խոսել են նաև զոհաբերության մասին։ Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ մի կողմից՝ վտանգավոր է, որովհետև մենք գիտենք, թե այդ քաղաքական թևում գտնվող որոշ քաղաքական գործիչների կառավարման ժամանակ ինչ իրադարձություններ են Հայաստանում եղել, և կարող են նման իրադարձություններ լինել այդ թևում՝ անկախ նրանից, թե որ թևի մարդիկ են, ողբերգություն թույլ տալ չի կարելի, և լավ կլինի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հետևի նաև այդ թևում գտնվող մարդկանց միջև փոխհարաբերություններին՝ իհարկե ողբերգությունը կանխելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ