Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում:

Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող և հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողները:

Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել 2 տարիքային խմբերի համար․ 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկան երեխաները:

Ուսուցումը նախատեսվում է անցկացնել շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

Մարզումների մասնակցության հայտագրումը կսկսվի սեպտեմբերի 23-ից և կտևի մինչև հոկտեմբերի 10-ը:

Հայտագրումը կիրականացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Էլեկտրոնային օրագիր» դաշտում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ