Հանդարտվեք, դուք անգամ ՀՀ-ում ազդեցություն չունեք, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը Կանադայում իշխանափոխություն արեց:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.

«Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում:

Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:

Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ըստ ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:
Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն գիտեք՝ անձագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմա, օրագիրս էլ տանն եմ մոռացել: Նենց որ, հանդարտվե՛ք հարգելիներս, դուք նույնիսկ Հայաստանի ներսում ոչ մի լուրջ բանի վրա ազդեցություն չունեք, նույնիսկ ձեզ 2021 թվականին ընտրած ձեր ընտրողները ձեր հավաքներին չեն գալիս, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք:

Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել` ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր և այցը Հունգարիա կկայանար:
Հ.Գ. Երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ, ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ