Իսկ ո՞վ է իմանում՝ երկրո՞ւմ է, թե՞ երկրում չէ․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու մասին

«Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ես ակնկալում եմ, որ էս դատավորն արդար դատական ակտ կկայացնի»:

Այս մասին Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Նա նշել է, որ այս դատավարության շրջանակներում վաղեմության ժամկետներ չկան։ Նախոդ դատավարություններում էլ, ըստ Քլոյանի, մեղադրող կողմը կարող էր մինչև դատավորի խորհրդակցական սենյակ գնալը, առանց քննիչների որոշում կայացնել և հոդվածը փոխել։

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան չներկայանալու փաստը մեկնաբանելիս տուժողի իրավահաջորդն ասել է․ «Սա նորություն չէ մեզ համար, տենց շարունակական էլ լինելու ա։ Իսկ ո՞վ ա իմանում՝ երկրո՞ւմ ա, թե՞ երկրում չի»։

Նշենք՝ Մարտի 1-ի գործով անցնող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Հակակոռուպցիոն դատարանում են եղել. վերսկսվել է նրանց վերաբերյալ գործով նիստը:

Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:

Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի գործով մեղադրողն էլ՝ Գլխավոր դատախազությունը, հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարան որոշում կներկայացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ