«Քեթրինի Միհրանը ասում է՝ բանանի հետ եկած 1 տոննա կոկաինից 270 կգ-ը (հավանաբար հայրենիքի փրկության համար նախատեսված) կորել է։ Ասում է՝ աշխատակիցներս են հաշվել, տեսել են՝ պակաս է»:
Նկատի ունենալով Միհրան Պողոսյանի վերջին հարցազրույցն ու հայտարարությունը՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Ով լիներ, որ դարդ չաներ…
Լրիվ հանցագործության մասին հաղորդում էր։ Ասում է՝ թող իրավապահները զբաղվեն…
Ո՞ւր է կոկաինը»,- հավելել է նա:
Նշենք՝ հիշյալ հարցազրույցում Պողոսյանը հայտարարել է, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կա, այդ դեպքում՝ ի՞նչ է եղել 270 կգ-ը. Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում և այն անհետացել է:
Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։
ՀՀ վարչապետը, ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։
Ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ՀՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքի հետ: Նա նշել է, որ իմանալով բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝ ինքն է հենց զանգել ԱԱԾ: