Շարքայինները վիճաբանել են, մեկը կրակել է մյուսին. զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

«Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և շարքային Ա. Զաքարյանի միջև։

Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված «ԿՁԳ» տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա.Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա.Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին հրազենային վիրավորման հետևանքով մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ