Ինչու՞ դադարեցվեց պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու ծրագիրը․ պարզաբանում

Մինչև 16 մլն դրամ աջակցություն, եթե կառուցեք ձեր տունը սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում․ դեռ 2023-ից ՀՀ կառավարությունը բազմիցս տարատեսակ ուղերձներով կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին օգտվել պետության աջակցությունից և տուն կառուցել սահմանամերձ գյուղերում։

Օրերս պարզ դարձավ, որ ծրագիրը դադարեցվել է։ Մեկնաբանություններ կային, որ դադարեցման պատճառը ստեղծված ֆորսմաժորային իրավիճակն է և դադարեցումն էլ պլանների մեջ չի մտել։

Իրավիճակը հասկանալու համար Zarkerak.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ։ Վերջինս, հերքելով տարածվող խոսակցությունները, նշեց․«Նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կլինի 2000 ընտանիքի համար։ Հետո պիտի գնահատվի ծրագրի արդյունավետությունը՝ իրավիճակը գնահատելու համար»։

Արդյոք դրական արդյունքների դեպքում ծրագիրը կշարունակի գործել, Մանուչարյանը հայտնեց․«Արդյունքները վերլուծելուց հետո կարող ենք հստակ մեկնաբանություն տալ ծրագրի շարունակականության վերաբերյալ։ Այժմ այլ տեղեկություններ տալ չենք կարող»։

Ներկայացնելով ծրագրի դիմելիության ցուցանիշները՝ նա ընդգծեց, որ այս պահին առկա է հաստատված 1968 հայտ, բայց 2000 հայտի սահմանաչափն արդեն իսկ լրացել է․«Ունենք գործեր, որոնք բանկերի հետ գործարքների փուլում են, այսինքն՝ մեր տիրույթ դեռ չեն եկել, բայց քաղաքացիներն արդեն դիմել են համապատասխան գործարքների համար։ Արարատի մարզում ունենք 145 շահառու, Գեղարքունիքում՝ 110, Սյունիքում՝ 217, Վայոց ձորում՝ 258, Տավուշում՝ 1239»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ