Էրդողանը Նյու Յորքում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորման գործընթացին:

«Ադրբեջանը և Հայաստանը կարևոր շանս են ստացել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է ներդրում ունենալ տարաձայնությունների վերացման, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման մեջ։

«Մենք անխախտ ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքը: Ժամանակակից աշխարհը, ինչպես երբեք, այս սկզբունքների կարիքն ունի»,- ընդգծել է նա:

Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր առաջիկա ելույթի մասին՝ Էրդողանը հայտնել է, որ կրկին մտադիր է ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ տերությունները չեն կարող լուծել համաշխարհային բոլոր հարցերը, և այս ձևաչափը պետք է վերանայել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ