Էս մայթն իմն է, էն մայթն իմն է

Երևանը տարեցտարի դառնում է հետիոտների համար անհարմար քաղաք։ Զբոսնելու կամ քայլելու համար մայրաքաղաքը լուրջ խնդիրներ ունի։ Երևանում ամեն ինչ արվում է մեքենաների, բայց ոչ հետիոտնի հարմարավետության համար։ Դրա վառ ապացույցներից մեկը՝ մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում, այդ թվում և կենտրոնում, մայթերի բացակայությունն է։ Մայթեր կամ չկան, կամ դրանք զբաղեցրած են կայանած մեքենաներով, տարատեսակ խանութներով և սննդի օբյեկտներով, կամ էլ ուղղակի զավթված են առևտրականներով։

Երևանում անխնա զավթվում են մայթերը։ Բազմաթիվ փողոցներում այսօր ամեն մի անկյունից, ներքնահարկերից ու առաջին հարկերից դուրս են պրծել առևտրի կետերը` աղավաղելով քաղաքաշինական միտքն ու քաղաքի դիմագիծը:

Բազմաթիվ մասնագետներ են վկայում, որ Երևանում փողոցները ճիշտ չեն կառուցվում և շահագործվում, ինչն էլ իր հերթին բազում անհարմարություններ է պատճառում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։

Մայթերի վերահսկողություն գրեթե չի իրականացվում։ Շատ տեղերում դրանք կամ այսպես ասած «սեփականաշնորհված են», կամ զավթված են այս կամ այն օբյեկտի տիրոջ կողմից, կամ էլ վերածվել են գազոնապատ տարածքի, որն աչքի համար գուցե հաճելի է և գեղեցիկ, սակայն իրականում անպետք և անարդյունավետ է։

Մայթերի հետ կապված խնդիրը հնարավոր է արագ և արդյունավետ լուծել, եթե իհարկե այս հարցի պատասխանատուներն իրականում ցանկանում են, որպեսզի քաղաքացիների համար Երևանն ավելի հարմար քաղաք դառնա։ Ընդամենը պետք է մայթերն «ազատագրել», վերացնել մայթերի զավթումը, թույլ չտալ, որպեսզի մայթերին մեքենաներ կայանեն։

Քաղաքային ճարտարապետության մեջ գոյությունի նաև կանաչ ճարտարապետություն, որի նորմերը Երևանում ևս ոտնահարված են։ Մայթերը կանաչ գազոններով պատելու անիմաստ ծրագրերը օր առաջ պետք է դադարեցնել։

Գազոնապատ մայթերը որևէ էկոլոգիական խնդիր չեն լուծում, փոխարենը մայթերն են շահագործման համար դարձնում անպիտան։ Շրջակա միջավայրի բարելավման համար պետք է անտառապատ տարածքներն ու այգիներն ավելացնել, իսկ մայթերն ուղղակի նպատակային օգտագործել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ