Փեյջերների պայթյուններ, զոհեր և հազարավոր տուժածներ. ինչ հարցեր են մնում անպատասխան, ինչ է հայտնի և ինչ սարքեր են դրանք

Այն բանից հետո, երբ հազարավոր փեյջերներ և վոքի-թոքիներ են պայթել Լիբանանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ և ավելի քան 3 հազար մարդ է վիրավորվել, մինչ օրս չի հաջողվում պարզել, թե ինչպես է իրականացվել զանգվածային գործողությունը:

Լիբանանը և «Հըզբոլլահ»-ը մեղադրում են Իսրայելին, որը դեռևս չի մեկնաբանել այս ամենը: Այս իրադարձության բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, իրավիճակը՝ ոչ այնքան հասկանալի:

Նախ այն մասին, թե ինչ են փեյջերները և վոքի-թոքիները

Փեյջերները զիջել են բջջային հեռախոսներին 2000-ականների սկզբին, սակայն շարունակում են օգտագործվել մի շարք ոլորտներում:

Փեյջերը (բիպեր) անլար հեռահաղորդակցման սարք է, որը ստանում և ցուցադրում է տառային կամ ձայնային հաղորդագրություններ և միևնույն ժամանակ արձակում է բնորոշ ձայնային ազդանշան։ Ազդանշանները փոխանցվում են paging ցանցի ներսում ռադիո-ազդանշանների միջոցով: Այս դեպքում հաղորդագրությունների ծավալը կարող է հասնել մի քանի հարյուր նիշի, իսկ փոխանցման տևողությունը կարող է լինել մի քանի վայրկյան։ Որոշ փեյջերներ թույլ են տալիս ցանկացած պահի ձայնագրել հաղորդագրությունները և դիտել դրանք: Գաջեթներն օգտագործվում էին տվյալների փոխանակման համար այն ժամանակ, երբ բջջային կապը դեռ լայն տարածում չէր ստացել:

«Փեյջեր» շարժական սարքերը հայտնի են որոշ մասնագիտությունների շրջանում: Սեպտեմբերի 17-ին և 18-ին լիբանանյան «Հըզբոլլահ»-ի անդամների կողմից օգտագործվող սարքերը պայթել են նրանց ձեռքերում: Ըստ Reuters-ի՝ իսրայելական հետախուզական ծառայությունները կարողացել են փոփոխել «արտադրության մակարդակով» մի քանի հազար փեյջեր, որոնք օգտագործվում էին խմբի անդամների կողմից:

Փեյջերները գործում են անձնական փեյջերական ցանցում: Ցանկալի բաժանորդի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է նշել նրա համարը և թելադրել հաղորդագրություն: Այնուհետև միացվում է հատուկ հաղորդիչ՝ բազային կայան, որն ազդանշանը փոխանցում է անհատական ընդունող սարքին: Ստացող փեյջերը մշտապես գտնվում է ռադիոլսման ռեժիմում և արձագանքում է հաղորդագրությանը, եթե նշված է նրան հատկացված համարը:

Վոքի-թոքիներն էլ ռադիոհաղորդիչ և ռադիոընդունիչ սարքեր են (рация), օգտագործվում են որպես կապի միջոց, վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ են կիրառվում:

Ինչպե՞ս են պայթել փեյջերները

Առաջին տարբերակի տեսությունն իրենից ներկայացնում է համակարգչային բարդ աշխատանք, որի հետևանքով ջարդվել են ծրագրերը և փեյջերներն ու վոքի-թոքիները պայթել են ինքնուրույն, սակայն փորձագետներն արագ հերքել են այս տեսությունը։

Այս մասշտաբի վնաս պատճառելու համար փորձագետները ենթադրել են, որ դրանք լցված են եղել պայթուցիկներով՝ նախքան «Հըզբոլլահի» ձեռքն ընկնելը: Պայթող փեյջերի լուսանկարները ցույց են տալիս թայվանական էլեկտրոնիկայի փոքր արտադրողի լոգոն՝ Gold Apollo:

Թայվանական Gold Apollo ընկերությունը պատասխանատվությունը դրել է հունգարական BAC Consulting ընկերության վրա, որը լիցենզիավորված փեյջերներ է արտադրում:

Մահաբեր սարքերի ծագման հետաքննությունը սկսվել է Հունգարիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում և Ռումինիայում միաժամանակ։

BBC-ն այցելել է Gold Apollo-ի գրասենյակներ, որոնք տեղակայված են Թայբեյի արվարձանում գտնվող խոշոր բիզնես պուրակում: Ընկերության հիմնադիր Սյու Ցինգուանգը հերքել է իրոնց առնչությունը գործողությանը:

«Նայեք լուսանկարները Լիբանանից: Դրանց վրա «Made in Taiwan» գրություններ չկան, մենք այս փեյջերները չենք պատրաստել»,- ասել է նա լրագրողներին իր գրասենյակի մոտ:

Սյուի խոսքով՝ ինքը Gold Apollo ապրանքանիշը լիցենզավորել է BAC Consulting-ին երեք տարի առաջ՝ թույլ տալով նրանց օգտագործել Gold Apollo անվանումը իրենց էջերում:

Նա նշել է, որ BAC-ից արված դրամական փոխանցումները «շատ տարօրինակ են» եղել, և որ վճարումների հետ կապված խնդիրներ են եղել Մերձավոր Արևելքից:

Թեև ավելի շահավետ և նոր ապրանքների մատակարարման շղթաները և բաշխման ուղիները խստորեն վերահսկվում են, դա չի վերաբերում Ասիայից եկած հին էլեկտրոնիկային, որտեղ կեղծիքները, ավելցուկային գույքագրումը և բարդ պայմանագրային արտադրական գործարքները երբեմն անհնարին են դարձնում ապրանքի ծագումը որոշելը:

Կեղծված արտադրանքները լայն տարածում ունեն հատկապես այնպիսի խոշոր արտադրական կենտրոններում, ինչպիսին Չինաստանն է, որտեղ հեշտ է կեղծ բաղադրիչներ արտադրել և այնքան էլ դժվար չէ կեղծ բաղադրիչներից անցնել մատակարարման շղթաներին խանգարելուն:

Ի՞նչ կապ ունի հունգարական ընկերությունը

BBC-ն գնացել է BAC Consulting գրասենյակի իրավաբանական հասցե, որը գտնվում է Բուդապեշտի բնակելի թաղամասում:

Պարզվել է, որ այս հասցեում գրանցված է ևս 12 ընկերություն, և շենքում ոչ ոք ոչինչ չի կարողացել ասել «Բի Էյ Սի Քոնսալթինգ»-ի մասին։

Հունգարացի պաշտոնյաների խոսքով՝ 2022 թվականին գրանցված ֆիրման պարզապես «վերավաճառող էր՝ առանց արտադրական կամ գործառնական տարածքների» երկրում:

LinkedIn-ում հրապարակված BAC գրքույկում թվարկված են ութ կազմակերպություններ, որոնց հետ նրանք պնդում են, որ աշխատել են, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտը (DfID):

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, որի կազմի մեջ է վերջերս ներառվել DfID-ը, BBC-ին հայտնել է, որ սեփական հետաքննությունն է անցկացնում:

BAC-ի կայքում նշվում է մեկ անձ որպես գլխավոր տնօրեն և հիմնադիր՝ Քրիստիանա Բարսոնի-Արսիդիակոնոն, որը NBC News-ի հետ զրույցում հայտնել է, թե իրենք փեյջեր չեն արտադրում, այլ ուղղակի միջնորդ են:

Հունգարիայում հետաքննության արդյունքները հստակ ցույց են տվել, որ, այսպես կոչված, «բիպեր» (փեյջերներ) երբեք արտադրության չեն եղել հունգարական հողում, և հունգարական ոչ մի ընկերություն կամ փորձագետ չի ներգրավվել դրանց արտադրության կամ փոփոխման մեջ: Միևնույն ժամանակ New York Times-ն էլ հաղորդում է, որ BAC Consulting-ը իրականում քողարկված պատկանում է իսրայելական հետախուզության ճակատին:

Թերթը նշել է, որ ստեղծվել է ևս երկու ստվերային ընկերություն՝ օգնելու թաքցնել այն մարդկանց ինքնությունը, ովքեր իրականում ստեղծել են փեյջերները, մասնավորապես՝ իսրայելական հետախուզության պաշտոնյաները:

Հայտնի է նաև, որ Բուլղարիայի իշխանությունները հետաքննություն են սկսել մեկ այլ ընկերության՝ Norta Global-ի նկատմամբ, որը կապված է BAC-ի հետ: Հինգշաբթի օրը բուլղարական bTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լիբանանում սարքերի պայթյունների հետ կապված 1,6 միլիոն եվրոն անցել է Բուլղարիայի տարածքով, այնուհետև՝ ուղարկվել Հունգարիա:

Ինչպե՞ս են պայթել ռադիոփոխադրիչ սարքերը (рации)

Երկրորդ դիվերսիայի ժամանակ պայթած շարժական ռադիոփոխադրիչ սարքերի ծագումն ավելի անհասկանալի է։ Հայտնի է, որ դրանցից առնվազն մի քանիսը եղել են IC-V82 մոդելի, արտադրվել են ճապոնական ICOM ընկերության կողմից։

Սարքերը ձեռք են բերվել «Հըզբոլլահի» կողմից հինգ ամիս առաջ, Reuters-ին հայտնել է անվտանգության աղբյուրը:

«Հըզբոլլահ»-ի կողմից վոքի-թոքիները ձեռք են բերվել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ փեյջերները, դրանք եղել են կպչուն պիտակներով, որոնք կրում էին Օսակայում տեղակայված ICOM-ի անվանումը և «Արտադրված է Ճապոնիայում» բառերը»: Դա երևում է պայթած սարքերից մեկի լուսանկարում ևս:

Ավելի վաղ ICOM-ի ամերիկյան մասնաճյուղի վաճառքի բաժնի ղեկավարը Associated Press-ին հայտնել էր, որ Լիբանանում պայթած ռադիոսարքերն, ըստ երեւույթին, կեղծ են, և իր ընկերությունը դրանք չի արտադրել։

ICOM ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է մոդելի արտադրությունն ու վաճառքը մոտ 10 տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև դադարեցրել է այն աշխատելու համար անհրաժեշտ մարտկոցների արտադրությունը:

Ընկերությունն ասել է, որ արտասահմանում արտադրություն չի տրամադրում, և իր բոլոր վոքի-թոքիներն արտադրվում են արևմտյան Ճապոնիայում գտնվող գործարանում:

ICOM-ը վաղուց զգուշացրել է կեղծիքների, հատկապես հին մոդելների մասին:

Ճապոնիայի արտոնագրային գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականին երկրում գործող ընկերությունների ավելի քան 7%-ը հայտնել է, որ կեղծ ապրանքների պատճառով կորցնում է բիզնեսը, ընդ որում դեպքերի մոտ մեկ երրորդը կապված է Չինաստանի հետԼ

ICOM-ը խստորեն խորհուրդ է տալիս հաճախորդներին օգտագործել միայն իրենց պաշտոնական դիստրիբյուտորների ցանցը՝ համոզվելու համար, որ գնում են իսկական ապրանքներ:

Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, կան տասնյակ խանութներ, որոնք վաճառում են ICOM-ի ապրանքանիշով վոքի-թոքիներ Չինաստանում, ներառյալ IC-V82 մոդելը, էլեկտրոնային առևտրի հարթակներում, ինչպիսիք են Alibaba.com, Taobao, JD.com և Pinduoduo:

Ի՞նչն է պայթել ռադիոփոխադրիչ սարքերում

Ռադիոփոխադրիչների մարտկոցները լցված են եղել PETN կոչվող պայթուցիկով, Reuters-ին հայտնել է սարքի բաղադրիչներին ծանոթ լիբանանյան աղբյուրը: Այն, թե ինչպես է պայթուցիկը ներկառուցվել մարտկոցի մեջ, չափազանց դժվարացրել է հայտնաբերել, ասել է աղբյուրը:

ICOM-ի անվտանգության և առևտրի բաժնի գլխավոր մենեջեր Յոշիկի Էնոմոտոն Reuters-ին ասել է, որ հնարավոր է, որ հին ICOM սարքը փոփոխվել է ռումբ պատրաստելու համար:

Էնոմոտոն ճապոնական Fuji TV հեռուստաընկերությանը ասել է, որ դժվար է պայթուցիկ սարք մտցնել վոքի-թոքիի հիմնական խցիկում, քանի որ էլեկտրոնիկան ամուր փաթեթավորված է, ուստի ավելի հավանական է, որ այն դրվի շարժական մարտկոցի մեջ:

Սակայն, ըստ լիբանանյան աղբյուրի, պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ մարտկոցի փաթեթը միացված չի եղել ռադիոփոխադրիչին:

Ավելի վաղ, լիբանանյան անվտանգության աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ փեյջերները լցված են եղել պայթուցիկներով, որոնք անհայտ ծագման են և դժվար է հայտնաբերել: Անվտանգության մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ մինչև երեք գրամ պայթուցիկ է թաքնված եղել նոր փեյջերներում, ըստ երևույթին, պայթյուններից ամիսներ առաջ:

Ինչպե՞ս են պայթեցվել սարքերը

Տեսանյութերն ուսումնասիրելիս երևում է, թե ինչպես են տուժածները պայթյունից վայրկյաններ առաջ ձեռքերը դնում գրպաններին:

Լիբանանի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ սարքերը պայթել են դրանց ուղարկված «էլեկտրոնային հաղորդագրությունների» միջոցով, ասվում է ՄԱԿ-ում Լիբանանի առաքելության նամակում, որը տեսել է Reuters-ը:

Վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին՝ New York Times-ը հաղորդում է, որ պայթյունից առաջ փեյջերները ստացել են հաղորդագրություններ, որոնք նման են «Հըզբոլլահի ղեկավարության հաղորդագրություններին:

Թե ինչ հաղորդագրություն է ուղարկվել սարքերին, դեռ պարզ չէ:

Արդյո՞ք ամեն ինչ ավարտվել է փեյջերների և վոքի-թոքիների պայթյուններով

Սա այն հարցն է, որ այժմ շատերն են տալիս Լիբանանում՝ վախենալով, որ այլ սարքեր՝ տեսախցիկներ, հեռախոսներ կամ դյուրակիր համակարգիչներ, նույնպես կարող են լցված լինել պայթուցիկներով:

Լիբանանյան բանակը Բեյրութի փողոցներում հեռակառավարվող ռումբերը ոչնչացնող ռոբոտներ է օգտագործում՝ կասկածելի սարքերի վերահսկվող պայթյուններ իրականացնելու համար:

Լիբանանում նկարահանող խմբերը բազմիցս կանգնեցվել են և նրանց զգուշացվել է՝ չօգտագործել հեռախոսներ կամ տեսախցիկներ, երկրում ամեն տեսակ տեխնիկա այժմ վտանգավոր է թվում:

Ինչու՞ հարձակումները տեղի ունեցան հիմա

Կա մի քանի վարկած, թե ինչու են ռումբերը պայթել վերջին օրերին:

Մեկն այն է, որ Իսրայելն ուղղակի ընտրել է այս պահը՝ նման «ուղերձ» հղելու «Հըզբոլլայ»-ին Իսրայել-Լիբանան սահմանին շուրջ մեկ տարի սրված մարտերից հետո:

Մյուս հավանականությունն այն է, որ Իսրայելն այս պահին մտադրություն չուներ իր ծրագիրը գործի դնելու, բայց ստիպված էր դա անել՝ վախենալով, որ դավադրությունը բացահայտվելու էր:

Ամերիկյան Axios հրատարակության համաձայն, սկզբնական պլանն այն էր, որ փեյջերային հարձակումը լիներ համապարփակ պատերազմի մեկնարկը և փորձեր հաշմանդամ դարձնել «Հըզբոլլահ»-ի մարտիկներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ