ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման և խորացման կարևոր խորհրդանիշ։

«Մշտապես ընդլայնելով փոխգործակցության շրջանակը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը ապահովում է երկու ժողովուրդների միջև կայուն երկխոսությունը և բարեկամական կապերի ամրապնդումը: Վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում ստացած Ձեր գիտելիքներով և փորձառությամբ կդառնաք հուսալի կամուրջ Հայաստան-Ֆրանսիա գործընկերային հարաբերությունների էլ ավելի սերտացման և խորացման համար: Վստահ եմ նաև, որ Ձեր մասնագիտական ներդրումն եք ունենալու մեր պետության զարգացման առաջխաղացման ասպարեզում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևոր և լայնածավալ բարեփոխումներ է նախաձեռնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: Մեր թիրախային ուղղություններից է երիտասարդներին դեպի գիտության ոլորտ ուղղորդումը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ խթանելով երիտասարդության ներուժի ներգրավվածությունը գիտական և նորարարական ոլորտների նախագծերում»,- շրջանավարտներին ուղղված խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նրանցից որոշները կնախընտրեն գիտական կարիերայի ուղին, և այդ կերպ իրենց ներդրումը կունենան ՀՀ-ում գիտության զարգացման առանցքային գործում:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, ովքեր իրենց շնորհավորական խոսքն են հղել շրջանավարտներին։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուստարվա « Մարի Կյուրի» և 2023-2024 ուստարվա «Շառլ Ազնավուր» անունները կրող ավելի քան 550 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ