Եռակողմ թնջուկ․ ով է խճճում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նորոգման հարցը, ում ձեռքին է խնդրի լուծման բանալին

Գալյա Նովենցը, Ֆրունզը, Սոս Սարգսյանն ու Խորեն Աբրահամյանն արդեն 7 ամիս Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի «նախասրահում մեն-մենակ են մնացել»։ Կինո հաճախողներ այլևս չկան, որ գան, միաժամանակ էլ իրենց նկարներով հետաքրքրվեն, երեխաներին էլ պատմեն՝ ով ով է։

Գյումրեցին կես և ավել տարի կինո չի հաճախում ոչ թե սեփական կամքով, այլ անհասկանալի ու չկարգավորվող մի թնջուկի պատճառով։

Ո՞վ է «Հոկտեմբեր» կինոթատրոնի խնդիրը խճճում և կծիկը կծկում հակառակ ուղղությամբ

Այս թնջուկը, պարզվում է, եռակողմ է. կինոթատրոնի սեփականատերը, Գյումրու քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը չեն կարողանում մտքերը մեկ անել։ Կա՛մ ցանկություն չկա, կա՛մ առվել խորքային խնդիրի հետ գործ ունենք, ինչը խնամքով թաքցվում է։

Փաստն այն է, որ 2024-ի մարտին պաշտոնապես հայտարարվեց, թե «Հոկտեմբեր» կինոթատրոնը փակվում է վերանորոգման նպատակով։ Դռները մինչ օրս էլ փակ են, իսկ շինարարությունը ո՛չ սկսվել է, ո՛չ էլ մեկնարկի հույս կա։

Ինչպե՞ս է 1920-ականների պատմական կառույցը հասել ներկայիս սեփականատերերին

Գյումրու քաղաքապետարանի 2003 թվականին ավագանու որոշմամբ, այսինքն՝ այն տարիներին, երբ «քաղաքի տերը» թուրն աջ ու ձախ կտրող Վարդան Ղուկասյանն էր, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (այդ տարիներին կոչվում էր «Հանդիսությունների տուն» — խմբ․) ուղղակի վաճառքով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

Պատմական կառույցը 2003 թվականին Վարդան Ղուկասյանը վաճառել է ընդամենը 25 միլիոն դրամով։ 2004 թվականին նույն կառույցի կադաստրային արժեքը եղել է 203 միլիարդ 918 հազար 820 ՀՀ դրամ:

Արդեն 2022-ին նոր տերեր ունեցավ կինոթատրոնը։ Այն ձեռք բերեցին շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն ու ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ՖԱ նախագահ, գործարար Արման Սահակյանը։

Կառույցը ձեռք բերելուց հետո ձեռնամուխ են եղել արդիականացմանն ու վերանորոգմանը։

«Կինո հոկտեմբեր» ՓԲԸ տնօրեն Արման Բարսեղյանը, որը միաժամանակ «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» (Alecpol Projects Management) ընկերության տնօրենն է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ շենքը բավական մաշված վիճակում է և լուրջ նորոգման կարիք ունի։

Այդ անհրաժեշտությունից և կինոթատրոնն առավել արդիական ու ժամանակի շնչին համապատասխան վերաշահագործելու նպատակով էլ, ըստ Արման Բարսեղյանի, 2022 թվականին վերակառուցման նախագիծ են պատվիրել հայկական ճանաչված ճարտարապետական ընկերություններից մեկին։

Սրան զուգահեռ, քանի դեռ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են եղել, նախկին սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ մինչև շինաշխատանքների մեկնարկը կինոթատրոնը բաց մնա, մարդիկ կարողանան կինո հաճախել։

«Մենք 0 վարձավճար էինք վերցնում իրենցից, բայց մարդիկ վնասով էին աշխատում ու շարունակում էին, քանի որ իրենց վրա նման պարտավորություն էին վերցրել։ Մեր բոլոր կանխատեսումներով պետք է 2023-ի դեկտեմբերին սկսեինք շինարարությունը, բայց դեռ շինթույլտվություն չունեինք, իսկ նախորդ սեփականատիրոջ հետ պայմանավորվածության ժամկետը լրացել էր։ Ասաց, որ էլ չի շարունակի շահագործումը, մենք էլ որոշեցինք դադարեցնել»,- մանրամասնում է Բարսեղյանը։

Ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ի հավանած նախագիծը մերժում Գյումրու քաղաքապետարանը, ի՞նչ են նախատեսում սեփականատերերը

Մինչ նախագիծը ներկայացնելը, Արման Բարսեղյանը նշում է՝ հին կինոթատրոնի շենքերն ընդհանրապես ժամանակակից պայմաններում նախկինի նման շահագործելը այժմ էֆեկտիվ չէ, եթե չես արդիականացնում ու զարգացնում։

ԿԳՄՍՆ ներկայացված նախագծով նախատեսվում է մեկի փոխարեն 2 դահլիճ ունենալ, հասարակական սննդի կետեր, սրճարաններ։

«Պետք է դառնա ոչ միայն կինոթատրոն, այլ ժամանցի ու առևտրի տարրեր ունենա։ Այս նախագիծը երկար քննարկումների արդյունքում ստացավ ԿԳՄՍՆ գիտամեթոդական հանձնաժողովի դրական եզրակացությունը, և ամբողջ փաթեթը 2023 թվականի մայիս-հունիսին ներկայացրել ենք Գյումրու համայնքապետարան՝ շինթույլտվություն ստանալու նպատակով։ Ճիշտն ասած՝ այդ ժամանակվանից սպասում ենք քաղաքապետարանի՝ այո կամ ոչ պատասխանին, բայց ոչ մի պատասխան չունենք, ոչ մի նամակ, ոչ մի պաշտոնական գրություն»,- ասում է Արման Բարսեղյանը։

Նախասրահը, ըստ առկա նախագծի, չի փոխվելու։ Բարսեղյանի խոսքով՝ այս հարցում զիջման են գնացել։ Տանիքում սրճարան են ավելացնելու՝ ապակեպատ մասնաբաժնով, որը կունենա տեսարան դեպի Վարդանանց հրապարակ։

Ըստ պատասխանատի՝ մասնագետները վստահ են, որ այն որևէ կերպ չի աղճատում շենքի ու տարածքի պատմականությունը, հրապարակի տեսքը։

«Տարբեր պաշտոնյաներ են եղել Գյումրիում, հարցրել են, մենք ներկայացրել ենք մեր տեսակետը, վերջին անգամ նաև ԿԳՄՍ նախարարի այցի ժամանակ է եղել հանդիպում, սակայն ընթացքի մեջ փոփոխություն չունենք։ Մենք Գյումրու քաղաքապետարանից պաշտոնապես այո կամ ոչ չենք ստացել արդեն 1 տարի 3 ամիս»,- ասում է նա:

Օդից կախված 1 տարեկան հարց․ քաղաքապետարանի «այո»-ն կամ «ոչ»-ը՝ փակուղում

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում հստակեցնել չի կարողանում՝ պաշտոնապես մերժման մասին տեղյակ պահե՞լ են կողմին, թե՞ ոչ։

«Ես չգիտեմ՝ գրավոր պատասխանե՞լ ենք, թե՞ չէ, բայց իրենք գիտեն, որ քաղաքապետարանը համաձայն չէ։ Իրենք առանց մեզ նախապես դիմելու նախագիծը ներկայացրել են ԿԳՄՍՆ-ին, նրանք էլ ասել են՝ պետք է լրամշակվի կամ վերամշակվի։ Դրա համար դիմել են քաղաքապետարան, քաղաքապետարանն իր համաձայնությունը չի տվել։ Նոր կառույց կառուցելուն մեր քաղաքաշինական խորհուրդն ու քաղաքապետարանը դեմ են։ Եթե կինոթատրոնը 26 թվականից ծառայել է այդպես, ով է ասել, որ հիմա չի կարող նույն կերպ գործել»,- նշում է Գասպարյանը։

Ճարտարապետը նկատում է՝ շատ լուրջ մասնագիտական հարց է։ Կան մարդիկ, որ ասում են՝ կարող են ինչ-որ բան կառուցել, մարդիկ էլ կան, արձագանքները շատ են, նաև լրագրողներից, որ միանշանակ դեմ են 2-րդ հարկ կառուցելուն. «Դա քաղաքի թիվ 1 շենքն է, պատմական շենք է, և յուրաքանչյուր միջամտություն ռիսկի հարց է։ էն շենքը չէ, որ կարծիքների բախումից ինչ-որ բան ծնվի»։

Այսինքն՝ 15-օրյա ժամկետի փոխարեն 15 ամիս անց հարցի ուղիղ պատասխանատուն տեղյակ չէ՝ սեփականատերերին ասե՞լ են իրենց պաշտոնական բացասական պատասխանի մասին, թե՞ ոչ: Գասպարյանն ասում է. «Դե որ ոչ մի բան չենք ասել, ուրեմն, հասկանալի է, որ մերժել ենք»։

Չնայած, Բարսեղյանի խոսքով, ունեն լիազոր մարմնի դրական եզրակացությունը, Գասպարյանը սրան հակադրվում է՝ նշելով, որ նախարարությունը չի հաստատել նախագիծը, այլ ասել է՝ լրամշակեք, այսինքն՝ ինչ բերել եք, չի անցել։

Հենց այստեղ էլ հարցը մտել է փակուղի։ Լրամշակված տարբերակն արդեն 1 տարուց ավելի քաղաքապետարանի պաշտոնյայի սեղանին է, սակայն դրա հետ կապված կողմերը քննարկում, հանդիպում չեն ունեցել։

«Ենթադրում եմ, որ մարդիկ չեն ուզում պաշտոնականացնել էս ամեն ինչը՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, բայց չգիտեմ՝ ինչ հանգամանքներից»,- նշում է Արման Բարսեղյանը։

Ո՞րն է ելքը․ ո՞ւմ ձեռքին է «Հոկտեմբեր» կինոթատրոնի խնդրի լուծման բանալին

Քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ ելքը սեփականատերերի առաջարկած՝ երկրորդ հարկի կառուցման մտքից հրաժարվելն է։ Մինչ այս պահը այդ հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել. թույլ չեն տալու նման շինարարության իրականացումը։

Այս հարցում իր տեսակետն ունի նաև Արման Բարսեղյանը։ Ըստ նրա՝ հարցին պետք է օրենքի շրջանակներում լուծում տրվի։

«Հիմա 2024-ի սեպտեմբերն է, մենք մեր լրամշակումները ներկայացրել ենք 2023-ի հունիսին։ Մարդիկ երևի օր, ամիս խառնել են. 15 օրվա փոխարեն 15 ամիս չեն պատասխանել։ Կարծում եմ, որ պետք է առնվազն օրենքը աշխատի, և լուծում տրվի հարցին։ Քաղաքապետարանը պետք է արձագանքի, թեկուզ մերժի, մերժման հիմքեր գրի, որ մենք դրանով գնանք ԿԳՄՍՆ գիտամեթոդկան խորհուրդ, ասենք՝ այ դուք լավ չեք հասկացել, Գյումրու քաղաքապետարանն ավելի լավ է հասկանում։ Կամ պետք է շինթույլտվություն տա, որ մենք անմիջապես սկսենք վերանորոգումը և ամենասեղմ ժամկետներում կառույցը հանձնենք շահագործման»,- ասում է Արման Բարսեղյանը՝ ընդգծելով, որ իրենց կողմից արդեն իսկ իրականացված նախագծերի նման «Կինո հոկտեմբեր»-ն էլ նորովի բացվելուց հետո դառնալու է Գյումրու այցեքարտերից մեկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ