Հայաստանը նշում է անկախության 33-րդ տարեդարձը

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 33-րդ տարեդարձը:

33 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

Արդեն ավելի քան 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը և օրենքները:

Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը պատկանում է Բարսեղ Կանաչյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ