Պուտինի «վերջին փամփուշտները». ՌԴ-ն Հայաստանում ձախողվել է և անցել զենքի գործադրման մեթոդին

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԱԱԾ-ի բացահայտումը դիտարկում է որպես ապացույց, որ մեր հատուկ ծառայությունները այս կամ այն չափով կայացել են և ռուսական ազդեցության տակ չեն, ինչը հնարավոր չէր ասել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ձախողվել է բոլոր իմաստներով և ստիպված է անցնել զենքի գործադրման մեթոդին։ «Պատերազմ, պարտություն, Արցախում տեղահանություն՝ սրանք բոլորը ռուսական նախաձեռնություններ են, որոնք արել են Ադրբեջանի ձեռքով։ Նպատակը Հայաստանի անկախ պետականության լիկվիդացիան է։ Ակնհայտ է, որ ձախողվել են բոլոր իմաստներով, և մենք կարողացել ենք փրկել մեր պետականությունը՝ ճիշտ է, ծանր կորուստներով։ Իրենք փորձեցին հազար ու մի մեթոդ՝ էլ Ղարաբաղ կոմիտեի հայրենադավներին՝ Վազգեն Մանուկյանին շպրտեցին մեջտեղ, էլ օգտագործեցին «վերջին փամփուշտներից» մեկին՝ եկեղեցուն։ Այո, եկեղեցին մերն է, բայց գլխամասն իրենցն է՝ կաթողիկոսի գլխավորությամբ։ Պուտինի շքանշանակիր Գարեգին ուզուրպատորը պարգևատրվել է Պուտինի կողմից։ Պարգևատրվել է նաև այս խմբի ղեկավարը։ Ում պարգևատրում է, հետո քշում է Հայաստանի վրա։ Մենք պետք է արձանագրենք, որ խաղաղ միջոցներով իշխանափոխության հասնելու բոլոր միջոցները Ռուսաստանը ձախողել է, դրա համար անցել է հաջորդ փուլին՝ գաղտնի ծառայությունների միջոցով փորձելուն։ Սա նշանակում է, որ ինքը այլ ռեսուրս չունի», — ասաց Շիրինյանը։

Անդրադառնալով Զախարովայի արձագանքին՝ Լևոն Շիրինյանը այն ցինիկ որակեց։ Նշեց, որ Զախարովան այլ բան չէր էլ կարող ասել, քանի որ ակնհայտ է ՌԴ միջամտությունը, որը անգամ քննարկելու ենթակա չէ։

Ռուսաստանն, ըստ նրա, Հայաստանի ռազմավարական թշնամին է։ Հետևաբար անտեղի է Զախարովայի նաև այն միտքը, թե Երևանը պետք է թույլ չտար, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում քննադատեր Ռուսաստանին։

ՀԱՊԿ-ից դուրս գալուն անդրադառնալով էլ՝ քաղաքագետը նշեց, որ դա պետք է որոշի երկրի գործադիր իշխանությունը, քանի որ նա է տիրապետում ամբողջական ինֆորմացիային։

«Գաղտնի ռուսական ծառայությունները ձեր կողքին կանգնած, անընդհատ կարող են ասել՝ շուտ արեք, ուշացնում եք և այլն։ Կա քաղաքական, ռազմաքաղաքական իրադրություն։ Գործադիրը պետք է որոշի՝ որ քայլը երբ անի»,- ասաց Շիրինյանն ու ավելացրեց, որ նաև հենց այդ պատճառով ինքը չի միացել Եվրաքվեին։ Իշխանությունը պետք է ինքը հաշվի, առաջնահերթությունները գնահատի ու բալանսավորի իր քաղաքականությունը։ Այս որոշումը ևս, ըստ Շիրինյանի, պետք է իշխանությունը որոշի։ ՔԺԿ-ն բալանսավորված քաղաքականության կողմնակից է։

Առաջնահերթությունը, սակայն, պետք է լինի Ֆրանսիայի հովանավորությունը ստանալն ու Միացյալ Նահանգների հետ ստրատեգիական դաշնակից լինելու մակարդակին հասնելը։

«Եթե ճակատային գրոհի գնանք Ռուսաստանի հետ՝ խնդիր է լինելու, բայց եթե բալանսավորված քայլեր անենք, ինչը վարչապետն է անում, լավ հաշվարկենք՝ խնդիր չի լինի», — եզրափակեց Լևոն Շիրինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ