Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանին «հնարավորություն է տրվել» հրապարակային հայտարարություն անելու:

Վարդանյանը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին, որոնք կապված են եղել իր հետ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքվում Վարդանյանին հարցեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված: Վերջինս, Ադրբեջանի բանտային խիստ ռեժիմում գտնվելով, կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, ստացել հաստատում, որ նման հայտարարություններ իսկապես հնչել են, և որոշել է հրապարակային արձագանքել դրանց:

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդանյանին, հարց է հնչեցնում՝ «սանատորիա՞ է գնացել, ինչ է»:

«Ինձ զանգեցին, տնեցիներիս հետ խոսեցի, հետո նստեցի, վերլուծեցի, սանատորիա է, ինչ է: Կարո՞ղ է ավտորիտար պետության մեջ, ընդ որում՝ ավտորիտարիզմի այլանդակ տեսակ ունեցող, սուլթանիստական ռեժիմ ունեցող Ադրբեջանում, որն ամենադաժան ձևով իրենց ձերբակալել է, որը խիստ թշնամաբար է վերաբերվում հայությանը, հանկարծ որոշեն էս մարդուն թույլ տալ խոսել, ընդ որում՝ ոչ թե, օրինակ, Արցախի պրոբլեմի, իր անձնական ձերբակալության հետ կապված հարցերի մասին, Ադրբեջանի դատական արդարադատության մասին, իր հետ կապված գործի մասին, այլ արձագանքել ՀՀ վարչապետի ասածին: Հիմա հարց՝ ո՞նց է դա հնարավոր, տարբերակներ կան, օրինակ՝ նա ՌԴ գործակալ է կամ Ադրբեջանի, գուցե՝ ռուս-ադրբեջանական»,- նշում է Սուքիասյանը:

Վերջինիս խոսքով՝ գործակալները չեն հանգստանում, տարածաշրջանում կեղծ թեզեր են դրել և այն փորձում են անկայուն պահել. «Հանկարծ որոշել են, որ էս մեկն էլ պիտի այնտեղ բառաչի: Զարմանալու բան չկա, այս մարդը ինչ ֆունկցիայով որ եկել էր Արցախ՝ Արցախի անձնատվությունը, հետո որպեսզի նույնը ՀՀ-ի համար կազմակերպի, նույն գործարքով իրեն ասում են, ինքը խոսում է, չի խոսում, բերել տվել են ձեռքը, խոսել է, կարող է անգամ ինքն էլ չի խոսել, մենք ինչ գիտենք, եթե ինքն է խոսել, ուրեմն գործակալ է: Տակը վերլուծելու տեքստ չկա, կա ինչ-որ մեղադրանք, տափակ-տափակ հայտարարություններ, որ օրը 100 անգամ լսում ենք տարբեր գործակալներից»:

Սուքիասյանի կարծիքով՝ հնարավոր է՝ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանում իր պահած ռևանշիստները, այսինքն՝ ՀՀ նախկին իշխանությունները զրո դուրս եկան՝ իրենց գեներալներով, շտաբի պետերով, պատգամավորներով, հոգևորականներով, երգիչներով, դերասաններով, որոշել է այս մարդուն հերոսացնել (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին):

Ըստ նրա՝ հնարավոր է նույնիսկ փախուստ կազմակերպեն. «Բայց դա ինչ կտա, փորձ կլինի այս մարդուն հերոսացնելու, ձիու վրա լեշը նստեցնեն, ուղարկեն Հայաստան: Նա, սակայն, լավ պիտի իմանա, որ վարկաբեկված մարդ է, ՌԴ-ի հրամանն է կատարել: Իրենք են Արցախը հանձնել՝ ՌԴ հրամանով, այստեղի իրենց քույր քաղաքի հետ միասին՝ Շահրամանյան, չգիտես եսիմ ինչ պատգամավոր, պատգամավորի պատգամավորի տեղակալ, հիմա ինքը որ գա, պարզ է, որ դեմ է առնելու Հայաստանի հասարակության՝ մեր ժողովրդի հավաքական արգահատանքին: Ինքը դեմ է լինելու ՀՀ պետական ինստիտուտներին, դեմ է լինելու իշխանության լեգիտիմությանը, դեմ է լինելու մեզ, հետևապես ոչ մի շանս չունի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ