Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Հայաստանում հեղաշրջման փորձին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին հաղորդագրությունները, որոնք արել են արևմտյան հետախուզական գործակալությունները, կեղծ են:

Այս մասին Եվրասիական կանանց IV համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանի մի շարք պաշտոնյաների ցանկությունը՝ խեղաթյուրել Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին՝ այնտեղ ինչ-որ ռուսական հետք գտնելու ակնկալիքով, անհեթեթ է և չի դիմանում որևէ քննադատության: Զարմանալի է, թե ինչպես են փոխվում ժամանակները: Ես Հայաստանում որոշ քաղաքական գործիչներից լսել էի, որ իշխանությունը զավթելը իսկական ժողովրդավարություն է:

Ցավալի է, որ Հայաստանում որոշ շրջանակներ որդեգրում են արևմտյանների մաշված մարտավարությունը, որոնք տասնամյակներ շարունակ դիմում են ռուսական երևակայական սպառնալիքի որոնմանը։ Տրամաբանությունը թելադրում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ փոխադարձ հարգանքով, այլ ոչ թե հրաժարվեն դրանցից»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Ռուսաստանից չէ, որ պետք է վախենա։

«Սա ինքնին անհեթեթ է, քանի որ մենք զարգացնում ենք առևտուրը և մնում ենք ամենամոտ դաշնակիցը բոլոր առումներով: Հայաստանը պետք է զգուշանա Արևմուտքից»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ