Ո՞ր մի «անբարոյականի զավակն» է «հետևից պզզըցնում» «պաժառնիկ» Շարմազանովի և մյուսների վրա. «Հերի՜ք ա, տղաներ ջան»

Ինչո՞ւ ընդդիմությանն այս էլ որերորդ անգամ չի հաջողվում ապահովել «թեժ աշուն», «թեժ գարուն» և տարվա մնացած եղանակներին տեղի ունեցող շարժումների թեժությունն ու… վերջապես հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Պարզվում է՝ հայրենի օպոզիցիան փոխանակ ՀՀ վարչապետի դեմ ուղղի իր ունեցած-չունեցած ռեսուրսները, զբաղված է իրար վրա… պզզացնելով։ Ջուր (հանկարծ ուրիշ բան չմտածեք)։ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն է վկայում, որի կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը բացի նրանից, որ մասնակցում է «սրբազան շարժման»-ը միացած քաղաքական ուժերի հետ ընթացող քննարկումներին, այլև, նկատենք, բավական ջերմ, ինչպես կասեր պոետը՝ կաթոգին ողջագուրվեց նախօրեին ԱԺ եկած Բագրատ Գալստանյանի հետ։ Սիմպատիան ակնհայտ է։

Եվ ուրեմն, պարոն Շարմազանովը ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում բացահայտել էր ընդդիմության շարքերում տիրող «ջրալի», ավելի ճիշտ՝ «կեղտաջրալի» վիճակի մասին։ «Հիմա մեր տունը վառվում ա, որպեսզի տունը հանգցնենք (լեզվական ինչպիսի ուշագրավ սայթաքում), էդ հրշեջները, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ն ա (ձեռքերով իմիտացնելով պզզացնող գործիքը), չպտի ջուրը պզզցնեն իրար վրա, այլ պտի էդ տան կրակը մարեն։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս, մեկն էլ՝ մենք, էդ կրակը ուզում ենք մարենք, հետևից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք` ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզում ե՞ք իշխանափոխություն, գիտակցում ե՞նք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, բերեք իրար վրա շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք։ Մտածենք և գործենք, ինչպես Սերժ Սարգսյանն ա ասում՝ «զրո ամբիցիա» սկզբունքով։ Քանի դեռ էդ ներքին տարաձայնությունները կան, ընդդիմության ընդդիմությունները կան, և դա ավելի ցայտուն ա առնվազն սոցիալական տիրույթում, քան Նիկոլի դեմ պայքարը, Նիկոլը մնալու ա»։

Ի դեպ, որ ընդդիմության շարքերում է իսկական «պաժառը», առաջին անգամ և Շարմազանովի խոստովանության միջոցով չէ, որ տեղեկանում ենք։ Ընդդիմության տունը «վառվում» է շատ վաղուց, դեռ 2021-ի արտահերթ ընտրություններին նախընթաց շրջանից, երբ Նիկոլ Փաշինյանի «նետած ձեռնոցը»՝ խորհրդարանը ցրելու և նոր ընտրությունների գնալու մասին, ընդդիմադիր որոշ ուժերի կողմից (մասնավորապես ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի) ընդունվեց, և վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը ցրվեց տներով՝ մասնակցելու արտահերթին։ Դեռ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի վտարանդի փեսա Միքայել Մինասյանը կոշտ քննադատեց, եթե կուզեք՝ մի լավ «պզզացրեց» հայրենափրկչական կուրս վերցրած, բայց կեսից կուրսը ձեռքից բաց թողած ռադիկալ օպոզիցիայի այդ որոշումն ու ընտրությունները որակեց «ամենաամոթալի ձևը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար»։ Ասաց ու… անցավ խորը, շա՜տ խորը ընդհատակ։ Իսկ նրա աներհայրիկ Սերժ Սարգսյանը, ինչպես Արմեն Աշոտյանը սրտի կսկիծով հայտնեց, ստիպված էր «ամենավերջինը» մտնել «արտահերթ ընտրություններ» օպերացիայի մեջ՝ դաշինք կազմելով քաղաքական դաշտի թերևս ամենապրոֆնեգոդնի պերսոններից մեկի հետ։ Աշոտյանը, նկատենք, ընտրություններում ընդդիմության ֆիասկոյին առերեսվելուց հետո չի դադարել հնարավորինս «դիվանագիտական բառապաշարով» կսմթել օպոզիցիայի ներկայացուցիչ իր գործընկերներին՝ այդպես էլ չներելով նրանց Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվելու անհեռատես որոշման համար։

Ի դեպ, ընդդիմության ներսի գզվռտոցի մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են այլ գործիչներ նույնպես։ Մասնավորապես Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման երբեմնի ռահվիրան, շարժման տապալումից հետո արժանացավ ընդդիմադիր տարբեր «շլանգների» և «խողովակների» կողմից պզզացված «ջրաշիթերի» թիրախի։ Սաղաթելյանն այն աստիճան էր թրջվել ու մրսում այդ «վարդավառի» հետևանքով, որ ստիպված եղավ ընդհուպ հրապարակավ շշպռել ՀՅԴ-ի բոստանը քար նետողներին։ Թե՝ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե խաբել են, պայքարի իմիտացիա են արել, ֆանարիկներով սիթի-տուր են արել… ով մեր վճռականության, պատասխանատվության զգացումի, պայքարի որևէ դրվագի կասկածում ա կամ փորձում ա մարդկանց տանել էդ ուղղությամբ, ինքը առնվազն անբարոյականի զավակ ա։ Որովհետև էն անմնացորդ պայքարը, էն հալածանքը, էն ամեն ինչի միջով, որ մենք անցել ենք, էսօր ժողովրդին փորձեն ասել՝ ձեզ խաբել են, պայքարի իմիտացիա են արել կամ սիթի-տուր, դա, մեղմ ասած, ազնիվ չի»։

Ի դեպ, «ներքին տարաձայնություններ»-ից և «ընդդիմադիր պզիկներից» բողոքող Շարմազանովը դեռ ամիսներ առաջ՝ մայիսի 18-ին, իր բաժին ջուրն էր պզզացրել ընդդիմության վրա։ Երբ հայտնի դարձավ, թե որ քաղաքական ուժերն են համախմբվել «սրբազան շարժման» շուրջը, նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր «բացառապես անձնական կարծիք»-ն ու ազդարարել՝ ինքը «համախմբվելու չունի». «Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/ «ուժի», 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը, Լաչինն ու Աղավնոն, Գորիս-Կապան 21 կմ և Սև լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։

Ես ձևական համախմբման կարիք չունեմ»,- մասնավորապես նշել էր Սերժ Սարգսյանի կուսակցական կրտսեր ընկերը։

Շարմազանովը, փաստորեն, անցած մի քանի ամիսների ընթացքում «կարծիքափոխ» է եղել և, որպես «սկզբունքային պաժառնիկ», այժմ փաստում է՝ ինքը ոչ միայն «համախմբվելու ունի», այլև արդեն համախմբվել-պրծել է։ Էստեղ են ասել՝ տո դո՜ւք ուր, հրդեհ հանգցնելն ուր, ձեզնից ի՞նչ «պաժառնիկ», ձեր քաղաքական կարգավիճակին կսազի «ռազբոյնիկ» տերմինը։

Ակամա հիշեցինք թափառաշրջիկ երաժշտախմբի մասին պատմող՝ «Բրեմենյան երաժիշտները» սովետական մուլտֆիլմի հայտնի երգը, որտեղ հերոսները երգում ու ազնվորեն խոստովանում են.

«Мы раз…
Бо-бо…
Ой-ойники!
Разбойники – разбойники…»:

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ