Քաղաքացիներն ասում են, ժողովո՛ւրդ ջան, մեզ ազատեք ՀԷՑ-ից, գազից ու ջրից. կա վստահության պակաս. Հակոբ Արշակյան

«Կա վստահության պակաս, ոչ թե ձեր նկատմամբ, այլ ՀԷՑ-ի, գազի, ջրի նկատմամբ: Դա արտահայտվում է քաղաքացիների բողոքներով, մարդիկ ասում են, ժողովո՛ւրդ ջան, մեզ ազատեք ՀԷՑ-ից, գազից ու ջրից: Քանի որ այդտեղ մոլոպոլիաներ կան, մարդիկ վախենում են նաև իրավապահներին դիմել, ձեզ դիմել, մեզ դիմել, որովհետև մտածում են՝ կարող է առանց ջուր մնան, առանց հոսանք մնան: Մարդիկ չեն վստահում այս համակարգին»,- Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով բաժանորդներին ավտոմատ փոխհատուցում տրամադրելու հարցին՝ Արշակյանն ասաց. «Դուք ասացիք բաժանորդներին ավտոմատ փոխհատուցում է տեղի ունենում, հետո ասացիք վարույթ ենք արել, որովհետև տեղի չի ունեցել, դա նշանակում է, որ ավտոմատ տեղի չի ունենում: Ասացիք մի քանի բաժանորդներ դուրս են եկել ՀԷՑ-ի տիրույթից, այսինքն առանձին ցա՞նց է կառուցվել, եթե վաճառքի տիրույթից են դուրս եկել, խնդրում եմ ճիշտ ձևակերպեք, ասեք վաճառքի տիրույթից են դուրս եկել, բայց ցանցն օգտագործում են: Մենք բախվում ենք մոնոպոլիայի դասական օրինակին, երբ ունենք մոլոպոլիստ, պետք է մոլոպոլիստի հետ ինչ-որ կերպ վարվել: Առաջիկայում մենք օրենդրական նախաձեռնություններ կունենանք, որպեսզի հնարավորինս լավացնենք պայմանները»:

Բաղրամյանն անդրադառնալով Արշակյանի հարցերին՝ նշեց. «Բաշխիչ համակարգերը բնական մենաշնորհ են ամբողջ աշխարհում: Մենք ազատականացնում ենք էլեկտրաէներգիայի վաճառքը, կարող ենք հանգիստ պնդել, որ ՀՀ էլեկտրական ցանցերն այո բնական մենաշնորհ է և ծառայություն է մատուցում մոնոպոլ նաև բաշխման համակարգում, որովհետև բաշխման համակարգը որպես այդպիսին և՛ գազում, և՛ ՀԷՑ-ում, և՛ ջրում բնական մենաշնորհ է, երկրորդ փոխզուգահեռ ցանց որևէ երկրում չի կարող լինել: Աշխարհի բոլոր երկրներում էլ վաճառքն է ազատականացվում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ