Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Երևանից Մոսկվա այլևս զանգ չի գնում. քաղաքագետը մանրամասնում է՝ ինչու

 

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը բարձր է գնահատում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները, որոնք նա արել է սեպտեմբերի 19-ին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ։

Պարզաբանելով Գրիգորյանի հատկապես այն միտքը, թե նախկինում Հայաստանը առաջնային սպառնալիքի դեպքում զանգահարում էր միայն Մոսկվա, իսկ այժմ այդպես չէ՝ քաղաքագետը նկատում է՝ այդ ընթացքում ՀՀ-ն դրան գնալու երկու պատճառ է ունեցել։

«Մի կողմից կարող ենք դիտարկել, որ Ռուսաստանը մեզ պարտադրում էր, որովհետև ճնշման լծակներն այդ ժամանակ շատ էին, մյուս կողմից էլ՝ այլ ելք չկար։ Ելքեր չլինելու մասով, սակայն, ես այդքան էլ համաձայն չեմ, քանի որ դրանում մեր մեղավորության չափաբաժինը կա։ Հայաստանի նախորդ իշխանության առաջնորդները կառավարման ողջ ընթացքում ՀՀ-ի ամբողջ զինանոցը իր հնարավորություններով տրամադրել ու նվիրաբերել էին Ռուսաստանի Դաշնությանը, բոլոր հույսերը կապել նրա հետ, ինչ-որ առումով՝ գուցե ստիպված կամ կաշկանդված։ 2022 թվականին՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին հրահրած արկածախնդրությունից, ԵՄ դիտորդների տեղակայումից հետո, զանգերը, տարածաշրջանում իրավիճակը փոխվել են: ՀՀ-ն, ելնելով իր շահերից, այլևս իր անվտանգային ռիսկերի կառավարումը տեսնում է ոչ թե հյուսիսում, այլ հավաքական արևմուտքում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս նկատում է՝ այժմ Հայաստանը ոչ միայն չի զանգահարում որևէ մեկին, այլ առաջնային կոնկրետ սպառնալիքների պարագայում զանգեր է ստացել և ստանում Արևմուտքից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարից, Ֆրանսիայից, Գերմանիայից։ Ըստ Մկրտչյանի՝ Արևմուտքն այժմ ինքն է տարածաշրջանում խաղաղության հաստատման նախաձեռնողը:

«Պուտինի այցը տարածաշրջան ազդակ է Իրանի մեր բարեկամաներին, որ Ռուսաստանը պլանավորում է և ուզում իրականացնել «Զանգեզուրի միջանցք» օպերացիան հենց Ադրբեջանի ձեռքերով։ Երկրորդ հերթին ուշադրությունից վրիպած ՀԱՊԿ-ից կա այդ սպառնալիքը, որը Հայաստանի վարչապետը իր հայտարարությունով հաստատեց։ Այսինքն՝ սպառնալիքները Մոսկվայից են, գործիքը՝ Ադրբեջան։ Հայաստանը պետք է այս իրավիճակին հակազդի, կոնկրետ գործողությունների դիմի»,- ասում է նա:

Այդ գործողություններից, նրա կարծիքով, կարող են լինել Հայաստանի հեռանալը բոլոր այն կազմակերպություններից, որտեղ Ռուսաստանի հետ ներկայություն կա, միևնույն ժամանակ նախաձեռնել Եվրամիությանը անդամակցելու գործընթաց ու աջակցել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ստորագրահավաք են կազմակերպել. «Ժողովրդավարական ուժերի հարթակը օրակարգ է առաջարկել, այժմ էլ դրան գերակտիվ մասնակցում են քաղաքացիները։ Ուստի ես կարծում եմ, որ մեր ԱԽ քարտուղարը ճիշտ է գնահատում առկա իրավիճակը, սակայն նման գործողություններով պետք է առաջ գնալ ու չհապաղել դուրս գալ արձագանքողի դերից, կառավարելի դարձնել անվտանգային առաջնային սպառնալիքները»։

Մկրտչյանը որոշակի հակասություններ ունի միայն Գրիգորյանի այն մտքի հետ, թե այժմ որոշումները կայացնում է Հայաստանի Հանրապետությունը․ «Չեմ վիճի, չեմ փորձի հակադարձել ԱԽ քարտուղարին, գուցե այդպես է, բայց եթե մեր երկրի առաջնորդն ասում է՝ ՀԱՊԿ-ում կա երկու պետություն, որը Հայաստանի դեմ պատերազմ է պլանավորել, ապա ես ուզում եմ տեսնել այդ որոշումների կայացման քաղաքական կամքը։ Իսկ այսպես ասել, թե որոշումներ ենք կայացնում, բայց շարունակել պահանջներ ստանալ Մոսկվայից, որ պետք է վերադառնանք ՀԱՊԿ, դա ոչինչ չի նշանակում, հատկապես ԵՄ դիտորդների արդյունավետ աշխատանքից հետո, և այս ամենից կարող է օգտվել Ադրբեջանը»։

Իսկ ի՞նչն է խանգարում Հայաստանին կայացնել կարևոր որոշումները, Մկրտչյանը փորձում է վերլուծել․ «Եթե բացահայտ հայտարարություններ արվում են, բայց արդյունքներ չկան, և եթե դուրս գանք այն վարկածից, որ իշխանությունները ունեն անձնական վախեր՝ հաշվի առնելով ՀՀ պատմական փորձը՝ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», ԱԱԾ երեկվա բացահայտումը, ապա կմնա միայն տնտեսական սանկցիաների կիրառումը։ Մի քանի ամիս առաջ Լավրովն էր հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՀՀ-ին դուրս կհանեն ԵԱՏՄ-ից»։

Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանին սպառնալիքներ ներկայացնող պայմանագրեր նույնպես անհրաժեշտ չեն, բայց դրանց զուգահեռ վեջին տարիներին ունեցած զենքի գնման շուկայի դիվերսիֆիկացիան մեծագույն ձեռքբերում է։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է իր առջև նպատակ դնի ու 2030 թվականի փաթեթով մաս կազմի Եվրաինտեգրմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ