Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ն որպես կողմ դուրս բերվեց բանակցություններից. Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը՝ սկսած այն պահից, երբ ԼՂ-ն որպես բանակցությունների լիիրավ կողմ դուրս բերվեց բանակցային ֆորմատից:

«Քոչարյանից սկսած, այո՛, ՀՀ-ն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե ՀՀ կառավարության անդամները համարում են, որ «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ-ի հաղթանակն է»:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ընդամենը արձանագրել է այդ փաստը:

«Այլ է հարցը, որ իրավիճակ էր փոխվել, և արդյունքում տեղի ունեցավ այն, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի հանցակցությամբ իրագործվեց հանցագործություն ընդդեմ մարդկության, և տեղի ունեցավ ավելի քան 120 հազար մարդու բռնի տեղահանություն իրենց հայրենիքից: Ահա թե ինչ է տեղի ունեցել: Իսկ ինչ է խոսում Շահրամանյան կոչեցյալը կամ իր շրջապատը՝ դա որևէ նշանակություն չունի»,- ասում է նա:

Վերջինս, անդրադառնալով Շահրամանյանի մեկ այլ հայտարարության, թե արցախցիները ՀՀ-ում հյուր են, նշում է՝ այդ զազրախոսությունն ուղղակի ստորություն է. «Որովհետև արցախցիները մեր հայրենակիցներն են և չեն կարող իրենք իրենց հայրենիքում լինել հյուր, այլ է հարցը, որ իրավունքներից լիիրավ օգտվելու համար անհրաժեշտ է ստանալ ՀՀ քաղաքացիություն»:

Մեհրաբյանի համոզմամբ՝ ԼՂ նախկին ղեկավարությունը չի հասկացել, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ, քանի որ դա կարող էր տեղի չունենալ. «Եթե իրենք ՌԴ-ի մետաստազի չվերածվեին: Իրենք վաղուց էին այդպիսին դարձել՝ սկսած 2014 թվականից, երբ «հետևի» ոտքերի վրա պար էին գալիս ԼՂԻՄ-ի բռնակցման առթիվ՝ Զորի Բալայանի խելքին ընկած, երբ որ Հարավային Օսեթիա էին պաշտոնապես շնորհավորում, ինչի՞ համար. որ ամենաստորաքարշ ձևով՝ փորի վրա սողալով՝ ծառայեն Ռուսաստանին, իսկ ՌԴ-ն յուրայիններին չի ներում, նրանք դա էլ չհասկացան, և այսօր Բաքվի կալանավորները նույնպես այդ չհասկացողների շարքում են»:

Բանախոսը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը շատ անզգուշ է վարվում ռուսական ազդեցության նման դրսևորումների հետ:

«ՀՀ-ն ունի նման օրենսդրական կարգավորման կարիք, որ նման դուրսպրծուկները իրենց թույլ չտան դուրս գալ և ավել-պակաս խոսեն՝ վիրավորելով մարդկային բանականությունը: Ռուսական ազդեցությունը ՀՀ-ում պետք է հավասարվի քրեական ենթամշակույթի, և դրա կրողները պետք է հետապնդվեն քրեորեն բոլոր առումներով, լինի՝ հասարակական գործունեություն, քաղաքական, մամուլ, տնտեսական գործունեություն և այլն, որովհետև դրանք ՌԴ-ի կողմից մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի ստորաբաժանումների են վերածվել, և պետությունը պարտավոր է պաշտպանել ինքն իրեն»,- պնդում է նա:

Այդ համատեքստում Մեհրաբյանն ասում է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ռազմական հետախուզության ուսումնական կենտրոնում նախապատրաստվում են կոնկրետ մարդիկ կոնկրետ աշխատավարձով՝ ՀՀ-ում պետական հեղաշրջում անելու համար. «Դրա դեմ պետությունը ինստիտուցիոնալ քայլեր պետք է անի՝ նման բանը կանխելու համար, որ մտքներով չանցնի անգամ: Իսկ այդ «շահրամանովների» խոսակցությունները հենց այդ ամենի գաղափարական սնուցումն ապահովելու համար են, ՀՀ-ում նման գործունեություն չպետք է թույլ տրվի օրենքով»:

Նրա համոզմամբ՝ Սամվել Շահրամանյանի ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները պետք է ուղղակի օրենքով չեղարկվեն, և նրան պետք է դուրս դնել քաղաքական դաշտից, իսկ ՀՀ հասարակության մեջ պառակտում մտցնող հայտարարությունների համար վերջինս պետք է օրենքով կանչվի պատասխանատվության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ