Իշխանության դեմ ցանկացած ահաբեկչություն ժողովրդի դեմ է․ պետք է պահանջատեր լինենք, որ հանգամանքները բացահայտվեն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

«Բացահայտումը դրական քայլ եմ համարում, ինչ-որ տեղ մի քիչ ուշացած, որովհետև, ինչպես հասկացանք, դա հենց այսօր չէր սկսել նախապատրաստվել, այնուհանդերձ, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե մենք մի բան ենք բացահայտում, շատ լավ կլինի, որ շատ ավելի վաղ անենք, որովհետև դա կարող է մինչև այդ փուլը շատ ավելի վատ գործողություններ իրենից ենթադրել։ Եկեք հեռու չգնանք, դրա մասին նաև մամուլով մինչև ԱԱԾ-ի բացահայտումը բազմաթիվ հրապարակումներ են եղել, և եղել են քաղաքական գործիչներ, որոշակի ոլորտի մասնագետներ, որոնք իրենց խոսքում ասել են»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը երբ հայտարարում էին, որ թեժ աշուն է սպասվում, համադրելով քաղաքական ասպեկտը այդ հայտարարությունների և երեկվա բացահայտման հետ՝ տեսնում ենք համընկնում։

Փաստաբանի խոսքով՝ սիրենք, թե չսիրենք իշխանությանը, բայց ցանկացած պարագայում իշխանության դեմ կատարվող այդ գործողությունները անմիջականորեն ուղղված են ժողովրդի դեմ։

«Եթե այդ փաստերը հաստատվեն, եթե մենք ընդունենք արդեն որպես հաստատված փաստ, որ այն հայտարարությունների հիմքում ընկած փաստերն իրական են, և դրանք հետագայում հաստատվեն իրավասու մարմինների, այդ թվում՝ դատարանների կողմից, նշանակում է մենք գործ ունենք շատ ծանր հանցագործության հետ և ոչ միայն ՀՀ իշխանության, այլև հենց բոլորիս դեմ»,- հավելեց Գևորգ Դավթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ