Արցախում ունեցանք նման պատկեր, որովհետև 30 տարի շարունակ իրականացրինք անպտուղ քաղաքականություն, երկիրը ներսից քանդեցինք, թալանեցինք. Ռոբերտ Ղևոնդյան

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որի հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտն ընդունեց հրադադարի առաջարկը, իսկ արդեն սեպտեմբերի 24-ին սկսվեց Արցախի բնակչության բռնի տեղահանումը։ Այս ամենի հետևանքով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրեց հրամանագիր, որում նշվում էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ:

Արցախում տեղի ունեցածի, դրա պատճառների ու հետևանքների մասին Zarkerak.am-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ. «Ունեցանք նման պատկեր, որովհետև 30 տարի շարունակ իրականացրինք անպտուղ քաղաքականություն, հենց սկզբից ընտրեցինք սխալ ճանապարհ, որն Արցախի անկախության մասին էր, ինչը ժամանակը ցույց տվեց, որ ընդունելի չէր աշխարհի համար: Դրան զուգահեռ պաշտպանական ամրոց կառուցելու փոխարեն, երկիրը ներսից քանդեցինք, թալանեցինք, արտագաղթի տեմպերը հասան սարսափելի մակարդակի: Արցախի բնակչությունը 30 տարվա ընթացքում 100 հազարից ընդամենը 130 հազարի հասցրինք»,- նշեց Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ այդ ընթացքում Ադրբեջանին մնում էր միայն մեկ բան՝ անընդհատ ավելացնել իր ռազմական հզորությունը և սպասել հարմար առիթի. «Ադրբեջանը դա արեց և 2020 թվականին կարողացավ այնպիսի ռազմավարական առավելություն ստանալ, որից հետո Արցախի մնացած հատվածը ռուսներից գնելը տեխնիկական հարց էր, իսկ այդ տեխնիկային Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը տիրապետում է: ՀՀ-ի ջանքերն այդ խնդիրը միջազգայնացնել և ավելի մեծ դերակատարների միջոցով ստանալ այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը չկարողանան գործարքի գնալ, չպսակվեցին հաջողությամբ, իհարկե, առաջին հերթին այն պատճառով, որ Ստեփանակերտում չպատկերացրին իրավիճակի լրջությունը»:

Ղևոնդյանն ընդգծեց, որ 2020 թվականից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ այլևս Արցախում Հայաստանի զինված ուժեր չկային, դրա փոխարեն կային Ռուսաստանի զինված ուժեր. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջապես կախված էր Մոսկվայի որոշումներից: Փաստացի Ռուսաստանն էր անվտանգության երաշխավորը և ոչ Հայաստանը, ստացվեց մի իրավիճակ, երբ Հայաստանն այլևս գործընթացների վրա ազդեցության լծակներ չուներ: Արդյուքնում Արցախում այն մարդիկ, ովքեր որոշումներ էին կայացնում, կայացրին այն որոշումը, որը բերեց մեզ հայտնի արդյունքին: Այո, Երևանը բազմաթիվ դեպքերում Արցախին բացատրել է, ուղիղ տեքստով ասել է, թե ինչ է պահանջվում, որպեսզի հնարավոր լինի գոնե ձգձգել գործընթացը: Ստեփանակերտում մի օր որոշեցին, որ պետք է իշխանափոխություն անել, ինչն իրականում անօրինական էր և այն մարդը, ում որպես նախագահ ընտրեցին, ևս այդ իրավիճակում նախագահի հավակնություններ չպետք է ունենար: Դաշտն ամբողջապես մնաց Ռուսաստանի և Ադրբեջանի կարգավորմանը, իսկ նրանք սովորաբար կարողանում են նման դեպքերում շահավետ առևտուր անել»:

Ստեղծված պայմաններում անդրադառնալով ՀՀ իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին՝ քաղաքագետն ասաց. «Մեղադրանքներ հնչում էին, որովհետև Արցախում հույս ունեին, որ Հայաստանը ռազմական գործողություններին խառնվելու է և գուցե երկարատև պատերազմի արդյունքում կարողանան ինչ-որ արդյունքի հասնել: Իհարկե, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ավելի լավ գիտեր մեր հնարավորությունները և ենթադրում եմ, որ հաշվարկելով այդ հնարավորությունները, որոշում կայացվեց, որ ՀՀ-ն չի կարող նման արկածախնդրության գնալ, որովհետև դա գոյության սպառնալիք է Հայաստանի համար: Որոշում կայացվեց, որ Հայաստանի պետականությունն ամենակարևորն է և այն չի կարելի դնել վտանգի տակ: Սա հնարավորություն էր, որ թե՛ ՀՀ-ում գործող հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, թե՛ Ստեփանակերտում այդ ամբողջ արկածախնդրությունը կազմակերպած և իրականացրած անձինք կարողանան սլաքներն ուղղել դեպի Երևան»:

Ղևոնդյանի խոսքով՝ կար գործողություն, որն Արցախի ներկայացուցիչները պարտավոր էին իրականացնել, եթե ցանկանում էին, որպեսզի Արցախի հետ կապված հարցերը չվերանան պատմության էջերից և Արցախի հարցը գոնե իրավաբանորեն հնարավոր լիներ լուծել. «Այդ գործողությունը կայանում է Արցախի կողմից ուղիղ ընտրություններով ընտրված միակ մարմնի՝ ԱԺ-ի կողմից Շահրամանյանին օրենքից դուրս հայտարարելը, Շահրամանյանի կողմից ստորագրված բոլոր պայմանագրերը ոչ իրավազոր հայտարարելը, ինչը կնշանակեր, որ Շահրամանյանի ստորագրած լուծարման հրամանագիրը ևս որևէ իրավական նշանակություն չունի: Նման դեպքում Արևմուտքին հնարավոր կլիներ ներկայացնել, որ Արցախում տեղի ունեցածը մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից արկածախնդրություն է եղել: Դրանից հետո կարելի էր որոշակի լեգիտիմության հույսեր ունենալ, բայց մենք տեսնում ենք, որ Արցախի ԱԺ-ն չի իրականացնում նման գործողություններ, ընդհանրապես ինքն էլ միացել է «շահրամանյանականներին» և Հայաստանի իշխանություններին մեղադրում է նրանում, ինչն իրենք կազմակերպեցին և իրականացրին, դրանից հետո խոսել այն մասին, թե Երևանն ինչ-որ բանում մեղավոր է՝ ո՛չ բարոյական է, ո՛չ էլ իրավական որևէ տրամաբանություն ունի»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Սամվել Շահրամանյանը մինչ օրս մեղադրանքներ հնչեցնում ՀՀ իշխանության հասցեին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Ինչու Շահրամանյանը Հայաստանում չի անցնում մի շարք իրավական գործընթացներով՝ հասկանալու, թե ինչ գործընթացի արդյունքում իշխանություն ստացավ, ինչպես եղավ, որ այդ գործընթացը տեղի ունեցավ, ինչու գնաց ու ստորագրեց մի փաստաթուղթ, որը բերեց էթնիկ զտման: Եթե սա տեղի չի ունենում, նորմալ է, որ Շահրամանյանը պետք է օգտվի հնարավորությունից և սլաքներն ուղղի դեպի Երևան, որպեսզի իրեն արդարացնի»:

Խոսելով նաև ներկայիս պայմաններում արցախահայերի հետվերադարձի հնարավորության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Արցախցիների հետվերադարձը ներկա պահին հնարավոր է բացառապես մեկ պայմանով, եթե նրանք ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և ապրեն Ադրբեջանի օրենքներով: Իհարկե, շատ հնարավոր է, որ գործընթացը գնա այնպես, որ նրանք անվտանգության հավելյալ երաշխիքներ ունենան օրինակ՝ միջազգային հանրության կողմից, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն ենթարկվելու Ադրբեջանի օրենքներին, ինչը կարծում եմ, ընդունելի չէ Հայաստան գաղթած արցախահայերի համար, ըստ այդմ, Արցախ վերադարձն այս պահին հնարավոր չեմ համարում: Բայց գործընթացները շատ արագ են տեղի ունենում, աշխարհը շատ արագ է փոխվում և ամեն ինչ հնարավոր է: Անհրաժեշտ է ստեղծել հիմքեր, որ հնարավորության դեպքում դա օգտագործվի ի շահ արցախահայության»:

Կատարված իրողություններից հետո՝ ըստ Ղևոնդյանի, պետք է գնալ մեկ ճանապարհով. «Գլխավոր դասն այն է, որ ՀՀ-ի անվտանգությունը պետք է շաղկապվի միայն և միայն ՀՀ-ի հնարավորությունների հետ և երբեք ՀՀ անվտանգության հարցում չպետք է հույս դնենք այս կամ այն երկրի կողմից մեզ տրվող օգնության վրա: Մեր անվտանգությունը պետք է լինի բազամբևեռ, մեր անվտանգային համակարգը պետք է ունենա սնուցող բազմաթիվ ուղղություններ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ