Ռուսաստանի զինված ուժերի մի ստորաբաժանումը զինված հեղաշրջման փորձ է կատարում Հայաստանում, մյուսը գտնվում է Գյումրիում

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից զինված հեղաշրջման հերթական փորձն է բացահայտվել։ ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ: Հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ռուսաստանի ՊՆ կազմում գտնվող Ա. Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ դատելով օգտագործված տեխնիկայից՝ կարելի է պնդել, որ հեղաշրջման նախապատրաստմանը, բացի ՌԴ ՊՆ ծառայողներից, մասնակցել են նաև հատուկ ծառայությունները: Նա, Civic.am-ի եթերում հիմնավորելով իր համոզմունքը, ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ հանցավոր խումբը օգտագործել է պոլիգրաֆ սարք (ստի դետեկտոր), ինչը վկայում է, որ գործին խառնված են եղել հատուկ ծառայությունները, քանի որ դա այդ ծառայությունների տրամադրության տակ գտնվող սարք է։

«Ռուսաստանի դեպքում դա օգտագործում են իրենց Անվտանգության դաշնային ծառայությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը։ Քանի որ այս գործի մեջ ստի դետեկտորներ կան, սա խոսում է նրա մասին, որ բացի ՌԴ ՊՆ ծառայություններից և ստորաբաժանումներից, մասնակցել են նաև իրենց հատուկ ծառայությունները։ Քննչական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է «Արբատ» ստորաբաժանման մասին, որը հապավում է՝ «Առմյանսկի բատալյոն»։ Դա ստորաբաժանում է, որը գործում է, այսպես կոչված, «Պյատնյաշկա» բրիգադի կազմում և Դոնեցկի 15-րդ բրիգադն է, որը ՌԴ պաշտպանության նախարարության կազմում է։ Սա ՌԴ զինված ուժերի ստորաբաժանում է, որը Վլադիմիր Պուտինից մեդալ է ստացել։ Իմիջիայլոց, այդ ստորաբաժանումը օրհնություն է ստացել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդի կողմից, որը, հիշեցնեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հալալ եղբայրն է։ Այդ ստորաբաժանումը հատուկ ծառայությունների աջակցությամբ կամ գոնե տեխնիկական աջակցությամբ վերբովկա է արել Հայաստանում մարդկանց, ապա նրանց այնտեղ վերապատրաստել, որ ուղարկի Հայաստան՝ այստեղ զինված հեղաշրջում անեն»,- ասաց Իոաննիսյանը։

Նրա կարծիքով՝ ինչ-որ մի պահ կար, երբ Ռուսաստանն ուզում էր Հայաստանում քաղաքական ճանապարհով հեղաշրջում իրականացնել, սակայն չտիրապետելով Հայաստանում ներքին տրամադրություններին՝ ձախողվեց, և հիմա փորձում է բռնությամբ ու զինված հեղաշրջման մեթոդով հասնել հաջողության։

«Երբ ասում ենք՝ Հայաստանում ռուսական զինված ուժերի ներկայությունը խնդիր է, չենք ասում, թե իրենց աչքերի գույնը մեր դուրը չի գալիս։ Այն խոչընդոտում է ՀՀ զինված ուժերի զարգացմանը, այն վտանգ է ներկայացնում ներքին անվտանգությանը։ Հիմա, եթե վաղը Երևանում ինչ-որ քաղաքական ուժեր որոշ խժդժություններ ստեղծեն, ու Գյումրիի ռազմաբազան գա Երևանում կառավարական շենքեր գրավի, ինչպիսի՞ն է էս երկրում դեպքերի զարգացումը լինելու։ Ուզում եմ հիշեցնել, որ Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազայի միակ մարտական կիրառությունը եղել է այն, որ զորքերը դուրս են եկել ռազմաբազայից ու գրավել են Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի կառավարական շենքերը»,- ասաց Իոաննիսյանն ու նկատեց, որ ՌԴ ռազմաբազայի զորքերի խնդիրը ակնհայտորեն Հայաստանը պաշտպանելը չէ, անգամ եթե ուզեն՝ չեն կարող։ Իոաննիսյանը համոզված է, որ ռուսական ռազմաբազան պետք է հանել Հայաստանից՝ չնայած հավանական տնտեսական հետևանքներին։ Դրանից խուսափել, ըստ Իոաննիսյանի, հնարավոր չէ։

Այս բացահայտումը, Իոաննիսյանի դիտարկմամբ, ցույց տվեց, որ Հայաստանում տեղի է ունենում ուժային համակարգի անկախացում։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ