ՌԴ-ն ուզում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ ՀՀ-ում, անընդհատ զինված հեղաշրջումների փորձ է անելու. Միսկարյան

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանն ամիսներ առաջ է հասկացել, որ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով Ռուսաստանը զինված ահաբեկչություն է նախապատրաստում: Նրա կանխազգացումներին, սակայն, ոչք ոք, այսպես ասած, լուրջ չի վերաբերվել:

Վերջինս ասում է՝ բացարձակ չի զարմացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության բացահայտումից, այն է՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելու նպատակով ստեղծվել է խումբ, որի կազմում եղած անձինք մեկնել են ՌԴ՝ եռամսյա հավաքների մասնակցելու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Միսկարյանը մանրամասնում է, թե ինչպես է հասկացել, որ նման դավեր են ցանկանում նյութել Հայաստանի ներսում:

«Կանխատեսումը եղել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ, այսպես կոչված, ընդդիմադիրները փողոցային պայքար էին իմիտացնում, որի նպատակը հնարավորինս շատ մարդ հավաքելն էր, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ զինված հեղաշրջում անել։ Դա ՌԴ ձեռագիրն է. դեռ աֆրիկյան պետություններում էր Սովետմիությունը այդ մեթոդը կիրառում, որն այս ժամանակահատվածում շարունակում է պուտինյան ՌԴ-ն։ Հետևաբար սա կանխատեսելի էր։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ Հայաստանում, որոնք կստորագրեն բոլոր փաստաթղթերը, հատկապես՝ միջանցքի հետ կապված»,- նկատում է նա։

Ըստ զրուցակցի՝ այդ խնդիրը լուծելու համար ՌԴ-ն տարբեր քայլերի է դիմում, ներառյալ ռուս հաքերների տարածած այն տեղեկատվությունը, թե հարձակվել են ու կոտրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազաները։

ՀՀ վարչապետի աշխատակազմից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ տեղեկությունը համապատասխան կառույցները ստուգում են:

«ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է որպես գաղութ, մեզ համար դա որքանո՞վ է ընդունելի, կամ որքանո՞վ՝ ոչ, կախված է նրանից, թե արդյոք մենք մեզ համարո՞ւմ ենք սուբյեկտ։ Այս առումով աշխարհը այնպես է, որ եթե բոլոր պետությունները, որոնց շահերը համընկնում են, համարվում են բարեկամ, իսկ որոնց հետ համընկնող շահ չունեն, ինչ-որ պետություններ սկսում են որևէ պետության շահերին դեմ գնալ, այդ պետությունն էլ ընդդիմանում է ու հակառակվում, արդեն համարվում են ոչ բարեկամական։ Հիմա մենք ՌԴ-ին որակում ենք ոչ բարեկամական, բայց դա վերաբերում է միայն այսօրվա իշխանությանը, վաղը այնտեղ կլինի այլ իշխանություն, կլինեն այլ հարաբերություններ»,- կարծում է Միսկարյանը։

Ըստ նրա՝ զինված հեղաշրջումը կազմակերպող անձանց պետք են եղել այնպիսի մարդիկ, որոնք տրամադրված կլինեին ՀՀ իշխանության դեմ․ «Ռուսերենում դա կոչվում է «Վերդովկա», երբ հավաքագրում են իրենց քաղաքական հայացքները կիսող անձանց, որոնք պետք է տրամադրված լինեն իշխանությունների դեմ, որ կատարեն հակապետական գործողություններ։ Իսկ ի՞նչն է այդ անձանց դրդել, որ մասնակից լինեն նման գործողության, այստեղ կարող է գումարը լինել գործոն, կամ գուցե նրանք հասկացել են այդ քայլի հետևանքները, սակայն համոզմունքները խորն են եղել»։

Միսկարյանը համոզված է, որ նման բացահայտումներ առաջիկայում կրկին լինելու են. Ռուսաստանը պարբերաբար փորձելու է գնալ զինված հարձակումների։

Հարցին, թե ընդդիմության, մասնավորապես Վազգեն (Բագրատ) Գալաստանյանի այն հայտարարությունները, որ «աշունը թեժ է լինելու», արդյոք կարելի՞ է կապել այս հեղաշրջման փորձի հետ, նա նշում է՝ դժվար է ասել. «Նոր զինված հեղաշրջման ռիսկը կա ու լինելու է, քանի դեռ Ռուսաստանը հույս ունի տարածաշրջանում վերահաստատել իր իշխանությունը։ Քանի դեռ այդպես է, մենք վտանգի տակ ենք։ Իսկ Գալստանյանը կոչեր է անում, ռուսական շահերից բխող քայլեր է իրականացնում ու փորձում է միավորել բոլոր այն մարդկանց, որոնք իշխանություններին դեմ են ու դժգոհ»:

Ռուսական հարձակումները, հեղաշրջումները կանխելու միակ ելքը Միսկարյանը տեսնում է եվրաինտեգրման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ