Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համակարծիք է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Ադրբեջանն անհանգստացած է, քանի որ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացվել է մի քանի աստիճանով։

«Առաջին աստիճանը վերաբերում է բանակի բարեփոխումներին, հաջորդը ռազմական հնարավորությունների ավելացումն է։ Կարող ենք նշել նաև տարբեր ուղղություններով, օրինակ՝ Հնդկաստանից ռազմական նոր տեխնիկայի ձեռքբերումը։ Եվրամիության դիտորդների հարցը ևս կարևոր աստիճան է Հայաստանի համար, որոնք, փաստացի, մեծ աշխատանք են կատարում. նրանց շնորհիվ սահմանային միջադեպերը նվազագույնի են հասցվել։ Որպես դրական գործոն ՀՀ-ի համար կարևոր է նաև Արևմտյան դերակատարների մասնակցությունը տարբեր գործընթացներին, որը հավասարակշռում է ռուս-թուրքական միակողմանի ազդեցությունը տարածաշրջանի վրա, և այս ամենի հանրագումարով Հայաստանի անվտանգությունը աճել է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Հայաստանը ունենա հավասարակշռված ու ադրբեջանական բանակի հնարավորությունները չեզոքացնող ռազմական ուժ, քանի որ այդ պարագայում հնարավոր չի լինի ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա և դրանք ուղեկցել ռազմական սպառնալիքներով․ «Հետևաբար անհանգստություն ասելով՝ կարող ենք հասկանալ, որ Բաքվին դուր չի գալիս ռազմական այն բարեփոխումները, որով գնում է մեր երկիրը։ Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է բարեկեցիկ, հզոր բանակով պետություն ունենալու մասին, դա կարող է Ադրբեջանը գնահատել որպես ռևանշիստական գործողություն, որն իրականում դա չէ»։

Զրուցակիցը նկատում է, որ Բաքուն Հայաստանից եկող ցանկացած տեղեկատվություն դիտարկում է ոչ թե ռացիոնալ տեսանկյունից, այլ ելնելով իր մոտ առկա վախի և անհանգստության զգացումից:

«Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք, ապա Ադրբեջանի անհանգստության պատճառներից մեկն էլ միջազգային հանրության աջակցությունն է, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ռազմական ոլորտի վերաբերյալ, որով ևս մեկ անգամ ընդգծվում է՝ Ֆրանսիան վերահաստատում է, որ ունի շահեր, որոնք կապում է ուժեղ, ինքնիշխան Հայաստանի հետ։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանը ոտքի է կանգնում, ավելի ամուր է դառնում, մեծ հնարավորություններ ունի, որոնց հետևանքով Ադրբեջանը կարող է քիչ ճնշումներ գործադրել, ուստի քիչ բան ստանալ»,- ընդգծում է քաղաքագետը։

Խոսելով Հայաստանի անվտանգության համակարգի մասին՝ վերջինս նշում է՝ հաշվի առնելով այն բաց տեղեկատվությունը, որը առկա է ՀՀ ռազմական բարեփոխումների վերաբերյալ, հաստատվում է, որ, համեմատած 2021-2022 թվականներին, մեր երկրի ռազմական հավասարակշռության ճեղքվածքը շատ ավելի փոքր է։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա մեծ հնարավորությունների է տիրապետում և հարկ եղած դեպքում կարող է դիմակայություն ցուցաբերել։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու հավանականությանը՝ քաղաքագետն ասում է. «Ադրբեջանը կգնա՞ այդ քայլին, թե՞ ոչ, կախված է տարբեր կենտրոնների ազդեցությունից՝ Ռուսաստանից, Արևմուտքից, Իրանից, Չինաստանից։ Եթե չկան շահեր ռազմական գործողություններ իրականացնելու համար, ուստի անտրամաբանական կլինի։ Իսկ այս պահին որևէ շահ չկա դրան գնալու համար։ «Զանգեզուրի միջանցքը» ռազմական էսկալացիայով բացելու հնարավորությունը Ադրբեջանին ո՛չ Արևմուտքը կթույլատրի, ո՛չ Իրանը։ Մյուս աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը ռազմական գործողության դիմելու դեպքում կհայտնվի մեծ ճնշման տակ։ Ամեն դեպքում, ես լայնածավալ ռազմական գործողություն մինչև 2025 թվականի գարուն չեմ կանխատեսում, իսկ թե դրանից հետո ինչ կլինի՝ կախված է ԱՄՆ-ի և Վրաստանի ընտրություններից, ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ