Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20:50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել:

Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի ջնջված համարով ինքնաձիգ, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն գնդացիր, տարբեր տիպի որսորդական 2 հրացան, կարճեցված փողով 4 հրացան, նռնակներ, տարբեր տիպի 4 ատրճանակ, երկփողանի հրացանի ագուցարան, սվին-դանակ, ծխանռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տիպի ու տրամաչափի փամփուշտներ, այդ թվում՝ ինքնաձիգի ու գնդացրի, հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանների դետալներ, պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն և այլն:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ