Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փորձում է պարզապես իր ներկայությունը պահել քաղաքական դաշտում, և Ազգային ժողով գնալը ևս դրանով է պայմանավորված:

«Ձևացնում է, թե քաղաքական ուժերի հետ է հանդիպում: Մտել է՝ ինչ անի Ազգային ժողովում, իբր ԱԺ-ում այդ ընդդիմադիրների մեջ մարդ կա՞, մի հատ էլ գնացել է դրանց հանդիպելու: Իր նման մի հատված կա. մեկը շրջաբերական էր գրել, որ պետություն չլինի, դրանց ղեկավարով ու կազմով շատ են ուզում, որ դա իրականություն դառնա, հիմա գնացել է դրանց հետ հանդիպելու, ինչ-որ բաներ քննարկելու: Ողբերգական ոչ մի բան չկա, պարզապես ուզում են իրենց դիակը պահեն Հայաստանի քաղաքական դաշտում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Դիտարկմանը, թե Գալստանյանը հերքում է, որ իր թիկունքում նախկին նախագահներն են, նա նշում է՝ ստում է. «Տեսե՞լ եք՝ այդ մարդը մի բան ասի, ճիշտ դուրս գա, շարքային ստախոս է, խաբելով, ամեն օր Աստծո պատվիրանները խախտելով՝ ման է գալիս, և ինքը դրանով հպարտ է: Հպարտ չէ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է, հպարտ է, որ սուտ է խոսում, այդ մարդու փեշակը դա է, ինքն ինքնուրույն մարդ չէ, խամաճիկ է: Ես առաջարկում եմ մեր ժողովրդին ու քաղաքացիներին, որ մի անգամ էլ տեսնեն, ասեն՝ հլը հագուստդ հանի, տեսնենք՝ տակը КГБ-ի աստղերը երևո՞ւմ են, թե՞ չէ»:

Զրուցակցի խոսքով՝ թեև Գալստանյանի տերը Աստված պետք է լիներ, սակայն վերջինս Աստծո հետ կապ չունի. նրա տերը Մոսկվան է:

«Ինքը որպես հոգևոր մարդ սրբազանցությամբ է զբաղվել, դրժել Աստծուն, եկեղեցուն տված երդումը, երկրորդը՝ մտել է քաղաքականություն՝ Աստծո, եկեղեցու հեղինակությունը օգտագործելով շահարկելով, որի համար երկնային պատիժ է ստանալու: Քաղաքականության մեջ էլ է մաշվել, որովհետև հազար ու մի բան է խոստացել ու ոչ մի բան չի արել: Բայց քանի որ ստեղծվել է իրավիճակ, նոր թեզեր են դրել ռուսները, սկսել Է խոսել՝ «Զանգեզուրը-մանգեզուր, նոյեմբերի 9-ը, նոյեմբերի 9-ի՝ 9-ը»»,- կարծում է նա:

Ըստ Սուքիասյանի՝ այս մարդիկ պարզապես պետության ներհասարակական կյանքը և անդորրն են խառնում, սակայն բացարձակ հաջողություն ունենալ չեն կարող. «Ինքն այդ ուժը չունի, Ազգային անվտանգության խնդիրը դաշնակցության շրջաբերականն է, ոչ թե Գալստանյանը»:

Քաղաքագետի խոսքով՝ ոստիկանությունը վաղուց պետք է Գալստանյանով զբաղվեր: Ըստ նրա՝ նա ՀՀ Սահմանադրությունն է խախտել. եկեղեցու անվան տակ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի:

«Բագրատ Գալստանյանը ընդհանրապես ֆիգուր չէ, զրո դերակատարություն ունի: Իհարկե, եթե Գերմանիայում լիներ, իրեն վաղուց նստեցրել էին կոնսլագեր, բայց քանի որ Հայաստանում է, մեր իշխանությունն էլ դեմոկրատիան հասկանում է այնպես, ինչպես որ հասկանում է, այդ մարդը փողոցները չափելու է անընդհատ: Ինքն իրենով անվտանգության սպառնալիք չէ, բայց այն, ինչ ուզում է անել, սպառնալիք է»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է, որ ցանկացած իշխանության գլխավոր ֆունկցիաներից մեկը հասարակության մեջ կայունություն ապահովելն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ