ՌԴ-ի վերաբերյալ հարցերից Քոչարյանի ու Սարգսյանի պատգամավորները ջղաձգվում են

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Սեյրան Օհանյանը հրաժարվեցին պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին Սուրեն Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում կատարած հայտարարություններին։ Նա նշել էր, որ Սարգսյանի ու Քոչարյանի թիմերը հույս ունեն, թե իշխանափոխության կհասնեն դրսի ուժի, օրինակ՝ Ռուսաստանի օգնությամբ։

«Գործընկերներ, ես շուրջ 30 տարի լրատվական ոլորտում եմ աշխատել։ Երկար տարիներ եղել եմ ՀՀ-ի էթիկայի դիտորդ մարմնի անդամ։ Ես հարգում եմ լրագրությունը, հարգում եմ լրագրողներին և այդ իսկ պատճառով բոլորիդ այստեղ հարգելով պասկվիլի հեղինակին չեմ պատասխանում։ Այսքանը»,- նշեց Մանուկյանը։

Մյուս հարցը ուղղված էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։ Այն վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ճանապարհների անվտանգությունը պետք է ապահովեն հայ սահմանապահները, ՌԴ-ից նշում են, որ ըստ նոյեմբերի 9-ի՝ ՌԴ ԱԴԾ ծառայության մարմինները պետք է ապահովեն։

Հարցին, թե որ տարբերակն է ՀՀ շահերին համապատասխան, Մամիջանյանը ասաց. «Այդ հարցը ինձ չպետք է տաք, այդ հարցը պետք է տաք այն մարդուն, ով այդ թուղթը ստորագրել է։ Ես չեմ իրականացնում մեկնում փաստաթղթի։ Ես չեմ ասում, թե այնտեղ ինչ է գրված։ Պատասխանը դա էր, թե ինչքանով էր դա ձեզ բավարարում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում»։

Այսպիսին էին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների արձագանքները։ Civic.am-ը հույս է հայտնում, որ ընդդիմադիր պատգամավորները հետագայում չեն խուսափի ու կպատասխանեն հանրությանը հետաքրքրող հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ