Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Ազգային ժողով է գնացել՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ։

Լրագրողների հարցին, թե շարժումը հերքում է, որ իր թիկունքում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են կանգնած, միևնույն ժամանակ ինքը հանդիպում է նրանց հետ, արդյոք չի՞ հակասում այդ հայտարարությունը իրականությանը, Գալստանյանը պատասխանել է. «Բացարձակ չի հակասում: Մենք առաջին իսկ վայրկյանից ասել ենք, որ սա բոլորի շարժումն է, և չակնկալիքների պայքար է»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ են քննարկել, նա ասել է՝ հանդիպումը փակ է եղել և մանրամասներ ասել չի կարող։

«Խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում, ի վերջո մեր երկրում բազմաշերտ քաղաքական դաշտ գոյություն ունի, այդ թվում՝ նաև նախկին նախագահները»,- նշել է Գալստանյանը:

Վերջինս նաև անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել. «Լևոն Զուրաբյանի հետ եմ խոսել և նախագահի գրասենյակի նախագահի հետ, անձնական հարաբերությունները շատ նորմալ են, որևէ խնդիր չկա, ուղղակի կան հարգելի պատճառներ»:

Ավելի վաղ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետև լուրը հաստատեց Գալստանյանի գաղափարները տարածող տելեգրամյան ալիքը՝ հայտնելով, որ նա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև նաև Ռոբերտ Քոչարյանի հետ է հանդիպել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ