Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։
Այս մասին Երևանում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն՝ իր ատարածքը, իր բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ ևս մեկ անգամ սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի», — ընդգծեց նա։
Վերջինս նկատեց նաև՝ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է․ «Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում», — ասաց Սեժուրնեն՝ շեշտելով, որ սա է պատճառը, որ Ֆրանսիան աջակցում է նաև Ուկրաինային։