Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ անձրևների պատճառով ստեղծված իրավիճակին, նշելով, որ ջրահեռացման համակարգը Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չէ:
«Այս համակարգը մեր տիրապետության տակ չէ, վերջին երկու տարում է, որ մենք առհասարակ սկսել ենք համակարգում ներդրումներ անել։ Երկու տարի է, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և աշխարհի տարբեր քաղաքներում այդ նույն խնդիրներն առաջանում են»,- ասաց քաղաքապետը:
Ավինյանի խոսքով՝ կարևոր է, որ այդ ինֆորմացիան գրագետ ձևով մատուցվի. «Շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորս-մաժորների դեպքում, այստեղ մենք անելիք ունենք՝ իրազեկման տեսանկյունից: Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, սա երևի մի քանի ամսվա նորմայի չափով տեղումներ են՝ 1 ժամում եկած, և այս իրավիճակը կրկնվում է, հետևաբար մենք պետք է ադապտացվենք նոր իրավիճակին»:
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս շաբաթ Կառավարությունում այս թեմայով քննարկում ունեն։