«Հասկացա, որ մոռացվում եմ ժողովրդի կողմից». Աշոտ Ղազարյանը

«Մինչև այս առաջարկներ շատ են եղել, բայց միշտ հրաժարվել եմ։ Պատճառն այն չէր, որ սերիալներն ինձ դուր են գալիս կամ ոչ։ Շատ հետաքրքիր սերիալներ կան, պարզապես ժամանակի խնդիր ունեի։ Սերիալում նկարահանվելը ժամանակատար է, կարող են գիշերն էլ կանչել նկարահանման, ցերեկն էլ, իսկ ես ամբողջ աշխարհում ելույթներ եմ ունենում։

Սակայն մտածեցի՝ ես Աշոտ Ղազարյանն եմ, այսքան մերժում եմ առաջարկները, բայց մոռացվում եմ ժողովրդի կողմից. ոչ ֆիլմերում կամ, ոչ սերիալներում, ոչ էլ հեռուստահաղորդումներում։

Այդ փուլում հանդիպեցի Դիանայի հետ ու համագործակցելու միտք հղացավ»,– պատմեց դերասանը։Պարզվում է` նրա և Դիանա Գրիգորյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի։ Աշոտ Ղազարյանի ընտանիքը մտերիմ է եղել Դիանայի մայրիկի հետ, երբ սցենարիստը դեռ երեխա էր։

Կոշկակարի կերպարն Աշոտ Ղազարյանին հետաքրքիր է։ Այս կերպարը բոլորիս բակից ու իրականությունից վերցված հերոս է։ «Շատ բարի մարդ է, որը բավականին դժվար իրավիճակների մեջ է ընկնում։

Բոլորիս բակում էլ կան կոշկակարներ, ես էլ շփվել եմ մեր բակի կոշկակարի հետ, այս կոշկակարանոցի տերն էլ հրաշալի մարդ է, անունը` Արմեն։

Երբ իր մասնագիտության մասին հարց եմ ունենում, դիմում եմ, որպեսզի ճիշտ խաղամ։ Կոշկակարի խաղալն իմ մասնագիտության մի մասն է։ Դերասանի գործն է այդպիսին, ես ֆիլմում կին էլ եմ խաղացել։

Առավոտյան արթնանում էինք, կնոջս հետ վիճում էինք, թե շրջազգեստն ո՞վ է հագնելու` ի՞նքը, թե՞ ես»,– իրեն բնորոշ հումորով ասաց Աշոտ Ղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ