ՀՅԴ բյուրոյի աղմկահարույց շրջաբերականի շուրջ հասարակական-քաղաքական տիրույթում քննարկումները շարունակվում են, մինչդեռ հայ ավանդական կուսակցությունը չի շտապում պաշտոնապես պարզաբանել խնդրո առարկա փաստաթղթի իրական կամ կեղծ լինելը։ Կարող ենք եզրակացնել, որ այս «լռությունը», որոշ դաշնակցականների արձագանքը՝ «չեմ մեկնաբանում»-ի տեսքով, «համաձայնության նշան են»։ Այսինքն՝ փաստաթուղթն իրական է, և այդ հանգամանքի օգտին են խոսում նաև դրա որոշ կետերի կատարման ուղղությամբ զառամյալ կուսակցության կողմից արդեն իսկ կատարված կամ կատարվող գործողությունները։ Մասնավորապես՝ Արցախում իշխանության փոփոխությունը, որը տեղի ունեցավ 2023թ. սեպտեմբերին ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայից մոտ 10 օր առաջ, ինչպես նաև սահմանազատման գործընթացին «խիստ դեմ ըլլալու» ՀՅԴ-ականների (ի դեմս «Հայաստան»-ական պատգամավորների) հրապարակային հայտարարություններն ու «սրբազան շարժում» անունով օպերացիային անթաքույց աջակցելն ու մասնակցելը։
Այդ շրջաբերականի ամենացնցող ու «շոկահարույց» կետը, թերևս, վերաբերում է «Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը», որին միանալը 134-ամյա կուսակցությունը համարում է Հայաստանի և Արցախի, որպես մեկ ամբողջություն, ճակատագրի լուծում։
Հատկանշական է, որ նախքան սույն աղմկահարույց շրջաբերականի ի հայտ գալը ՀՅԴ տարբեր գործիչներ ծամծմում էին այն հարցի պատասխանը, թե արդյոք կո՞ղմ են, թե՞ դեմ, որ ՀՀ-ն միանա արդեն իսկ գոյություն ունեցող՝ ՌԴ-Բելառուս Միութենական պետությանը։
Նկատենք, որ 2022թ. ապրիլի 7-ով թվագրված շրջաբերականի՝ «ՀՅԴ մարմիններին և ընկերներին» հասցեագրումից մի քանի շաբաթ հետո ՀՅԴ-ն սկսեց փողոցային պայքարը՝ «Դիմադրություն» շարժումը, արցախափրկության օրակարգով։ Պարզվեց, որ Արցախը նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահներն ու նրանց կուրացիայի տակ գործող քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ի դիրիժորությամբ, մտադիր էին փրկել ոչ թե Ադրբեջանից, ոչ էլ նույնիսկ այդ երկրի հետ (2022-ի փետրվարին, ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ) Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրած ՌԴ-ից, այլ՝ Հայաստանի գործող իշխանությունից։ Փաստորեն, արցախափրկիչները Արցախի փրկօղակը համարում էին շրջաբերականի մեջ հիշատակված միությանը միանալը, սակայն դա պետք է տեղի ունենար ոչ թե «անհատական», այլ «կոլեկտիվ հիմունքներով», այլ կերպ ասած՝ «բիրիքով»՝ Հայաստանն էլ ներառյալ։
Ինչն է ուշագրավ. սույն փաստաթղթում արձանագրվում է ՌԴ-ի կողմից «նոր միության» ձևավորման պլանի, մտադրության մասին՝ որպես հեռահար իրագործելի պրոյեկտ։ ՀՅԴ-ն, հաշվի առնելով այդ կուսակցության անցած ճանապարհը, կապերն ու համապատասխան «կենտրոնների» հետ «կապվածությունը», հենց այնպես՝ ֆանտազիային զոռ տալու արդյունքում չէ, որ հիշատակել է Կրեմլի կողմից ձևավորվելիք ձևաչափի մասին։ Կարելի է ենթադրել, որ դաշնակից երկրի այդ մտադրության մասին Բյուրոն տեղեկացված է եղել «առաջին ձեռքից» և «հուսալի աղբյուրից»։
Քոչարյանը անկաշկանդ կերպով կողմ էր Միութենական պետությանը
Նկատենք, որ նախքան շրջաբերականի ի հայտ գալը 2022թ. փետրվարի 17-ին ՀՅԴ-ի հետ դաշինք կազմած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսում բավական անկաշկանդ հայտնել էր իր դրական վերաբերմունքը զանազան միութենական ֆորմատներին ՀՀ-ի անդամակցությանը։
Պատասխանելով Ռուսաստանի հետ միութենական պետության մասին Բելառուսի տխրահռչակ նախագահ Ա. Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքելու մասին լրագրողի հարցին՝ Քոչարյանը հայտարարել էր՝ նման միություններից վախենալ պետք չէ: «Իմ կարծիքով՝ չպետք է սենց ապրիորի վախենալ որևէ նման ինտեգրման պրոցեսներից, ուղղակի պետք է նստել ու հաշվել՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Շատ սառը հաշվարկ պետք է ունենաս։ Դեռ այդպիսի առաջարկ չի եղել»,- հայտարարել էր նախկին նախագահը։ Նա նաև հավելել էր, թե իր հետ իր նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, իրենք էլ նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ «Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և, կրկնում եմ, հաշվարկի հիմքի վրա։ Ոչ թե կենցաղային մոդելով՝ դու ինձ, ես քեզ, շատ կոնկրետ հաշվարկով՝ ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, կամ ինչ են մեզ առաջարկում, կամ ինչ ենք մենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել»։ Քոչարյանը ազդարարել էր նաև՝ Ռուսաստանի հետ միութենական պետությանը միանալը կարող է գործոն դարձնել Հայաստանին։ «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»։ Ավելին, Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե առաջարկը պետք է հնչի հայկական կողմից. «Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Ինքը պետք է ասի՝ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, այդ ճանապարհի համար պետք են այս, այս, այս քայլերը…»։ Սա նշանակում է, որ 10 տարի ՀՀ նախագահ աշխատած, դրանից առաջ էլ ԼՂՀ նախագահ եղած Քոչարյանի համար սակարկելի են ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը՝ «շատ կոնկրետ հաշվարկով» համապատասխան «գնի» դիմաց։ Նա, փաստորեն, ուղիղ տեքստով դեռևս 2022-ին Ռուսաստանին հասկացնում էր՝ եթե Հայաստանի առաջ նման հարց դրվի, ապա իր կուրացիայի տակ գտնվող ընդդիմությունը չի դիմադրի։
Ի դեպ, Միութենական պետությանը միանալու հարցին Քոչարյանը անդրադարձել էր ավելի վաղ՝ 2021-ի հոկտեմբերին հրավիրված ասուլիսում։ Լրագրողի դիտարկմանը՝ ընդդիմության որոշ գործիչներ պատերազմի ծանր վիճակից դուրս գալու համար որպես տարբերակ առաջարկում են ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը, արդյոք այս գաղափարը քննարկելի՞ է իր համար՝ Քոչարյանը կամուկացի մեջ էր ընկել. «Ես 10 տարի Հայաստանում եղել եմ նախագահ: Այդ ժամանակ ձևավորվում էր Ռուսաստան-Բելառուս միությունը: Երբեք նման բան մենք չենք քննարկել: Այդ ժամանակ դա իմ օրակարգի հարցը չէր: Այն, ինչ տեսնում եմ հիմա, ինձ մոտ հարցեր է առաջացնում՝ այս տեմպերով մենք բավարար պետականաշինության ռեսուրս ունե՞նք ՀՀ-ում։ Հիմա պատրաստ չեմ ձեր հարցին պատասխան տալ: Մենք պետք է հասկանանք, թե մեր անկախությունը որքանով է հիմա վտանգված: Վերլուծության կարիք կա: Միգուցե մասնագետների հետ կլոր սեղան կանենք, կան դրական կողմեր, պետք է փորձենք այդ կողմերն ուսումնասիրել: Իմ տպավորությունն այնպիսին է, որ անվտանգության տեսանկյունից մենք ավելի մեծ միավորման մեջ տեղավորվելու կարիք ունենք»։
Նկատենք, որ Միութենական պետությանը միանալու թեմային Քոչարյանն անդրադարձավ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից և դաշնակից երկրի՝ մատը մատին չտալու փաստին առերեսվելուց հետո։ ՌԴ նախագահի հետ «քիմիական կապով» կապված Քոչարյանը՝ Դուք ՀՀ-ն Միութենական հանրապետության մե՞ջ եք տեսնում հարցին մասնավորապես արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե հիմա ես միութենական պետության միանալու որևէ առիթ եմ տվել, որ ես դա եմ առաջարկում։ Ոչ։ Եվ մեկ տարի առաջ ևս անորոշ էր իմ պատասխանը, անորոշ էր, որովհետև համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել, չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը»։ Հստակեցմանը՝ «Եվ Միութենական պետությո՞ւնը չի բացառվում», Քոչարյանը պատասխանեց՝ հետքայլ անելով նախկինում ունեցած դիրքորոշումից. «Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»։ Երևի Պուտինը հասկացրել էր՝ «Ռոբերտ Սեդրակիչ, հիմա դրա ժամանակը չէ, մենք զբաղված ենք ուկրաինական պատերազմով»։
Հ.Գ.Նկատենք, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից շաբաթներ առաջ (2022 թ. մարտի 8), որի արդյունքում էլ ծնունդ է առել սույն «հրովարտակը», Հ1-ի եթերում (փետրվարի 17-ին, այն օրը, երբ տեղի էր ունեցել Ռ. Քոչարյանի ասուլիսը) ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանն այդպես էլ չպատասխանեց հաղորդավար Պետրոս Ղազարյանի հստակ ձևակերպած հարցին՝ «ՀՅԴ-ն կո՞ղմ է, որ մենք դառնանք ՌԴ-Բելառուս միութենական պայմանագրի կողմ»։ «Շատ հստակ է ՀՅԴ-ի դիրքորոշումը. կարծում եմ՝ հայ հասարակության մեծագույն մասի դիրքորոշումը շատ հստակ է՝ մեր ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը քննարկման ենթակա չեն, այլ հարց, որ տարբեր ձևաչափեր…»։ Հստակեցմանը՝ դուք հիմա կո՞ղմ եք, թե՞ դեմ, Մանուկյանը շարունակեց. «Միութենական պայմանագրի միանալու հարցը այսօր օրակարգում դրված չէ, չկա նման առաջարկ, չկա նման ձևակերպում։ …Մեր ծրագրային, գաղափարական, աշխարհայացքային շատ հստակ է՝ ազատ, անկախ, նաև միացյալ Հայաստան, ՀՀ-ի ինքնիշխանության, պետականության պահպանում»։
Կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխաններ ստանալու Պ. Ղազարյանի չորրորդ փորձին էլ՝ ստանալու կոնկրետ պատասխան, պարոն Մանուկյանը չորրորդ անգամ տվեց գրեթե նույն պատասխանը. «ՀՀ-ի՝ Բելառուս-Ռուսաստան միութենական պայմանագրին միանալու հարց օրակարգում չկա»։ «Սկզբից ասեիք, որ չեմ ասելու, ես էլ հարցը չտայի»՝ նկատեց հաղորդավարն ու հավելեց՝ «այսօր օրակարգում չկա, վաղը կարող է լինել»։ «Վաղը որ լինի, նոր կքննարկենք։ Բայց օրակարգում լինի թե չլինի, մեր դիրքորշումը շատ հստակ է՝ մեր ինքնիշխանությունը, պետականությունը վեր են ամեն ինչից»։ Հաղորդավարին այսքանից հետո թերևս այլ բան չէր մնում, քան բուն հարցին պատասխանելու փոխարեն հարցից շեղված, «քաղաքացիների մասին» մտածող Գեղամ Մանուկյանին արձագանքելը՝ «ես վաղը՝ հարցազրույցից հետո, երբ դուրս գամ փողոց, վստահ եմ՝ քաղաքացիներն ասելու են՝ մենք էդպես էլ չիմացանք՝ ՀՅԴ-ն կո՞ղմ է, թե՞ դեմ, որ ՀՀ-ն միանա ՌԴ-Բելառուս միութենական պետությանը»։ «Պետրոս, ես ուզում եմ հասկանամ, հասկանալու հետ խնդիր ունե՞ս դու։ …Ես նորից կրկնեցի՝ ՀՅԴ-ի համար բացարձակ արժեք է ՀՀ-ի ինքնիշխանությունը և պետականությունը…»։ Գեղամ Մանուկյանի՝ երիցս, քանիցս, բազմիցս կրկնած «մանտրայից»՝ ՀՀ-ի պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեք են, կարելի է բխեցնել՝ Միութենական պետությանը և կամ որևէ նոր կամ նորաստեղծ միությանը միանալը ՀՅԴ-ի ընկալմամբ ենթադրում է պետականության, ինքնիշխանության և անկախության որոշակի կորուստ։ Արդ, տարօրինակ է, որ Մանուկյանի ներկայացրած կուսակցության Բյուրոն շաբաթներ անց ծնունդ առած շրջաբերականում հավանություն է տալիս ՀՀ-Արցախ «կոլեկտիվ հայտով» ՌԴ-ի կողմից ստեղծվելիք միությանը միանալուն, ավելին, շեշտում, որ «Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում…»։
ՀՅԴ-ն, իրոք, ֆենոմենալ կուսակցություն է, որի գոյության գլխավոր կրեդոն եղել է և կա «դեմ ըլլալով կողմ ըլլալ»-ը։