Առուշանյանը կոտրվեց տղայականո’վ էլ, չտղայականո’վ էլ. ընդդիմադիր դաշտում շատ են այդպիսի դեմքերը. Նաիրա Զոհրաբյան

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում մինչ «Սրբազան պայքարի» առաջնորդ Վազգեն Գալստանյանը կսկսեր մի քանի հոգով հավաքը, լրագրողների հարցերին պատասխանել է Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնաալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի այն հայտարարությանը , թե չի կիսում փաստաբանի տեսակետը, թե պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել, նա մասնավորապես ասել է։

Նշենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան։

Նաիրա Զոհրաբյանը Առուշանյանին քաղաքական գործիչ չի համարում․«Այստեղ մեծ մեղավորություն ունենք մենք, երբ որ այդպիսի պերսոնաժները ցանկացած իշխանության հետ գնում են գործարքի, «чуть ли не» Գարեգին Նժդեհ ենք սարքում, երբ Գորիսի խրամատներում մեզ վրա «սաղացնում են» Արցախի առաջնագիծ ու էդ ամենը, կներեք, ուտում ենք և փորձում ենք մարդկանցից, ովքեր ընդամենը թույլ մարդ են, թույլ տղամարդ են, այո’, քաղաքական գործիչ չեն, մենք իրենցից փորձում ենք կերտել հերոսներ, փորձում ենք կերտել մարդիկ, ովքեր ունեն արժեքներ ու գաղափարներ և հետո մենք հիասթափվում ենք մեր ֆեյք իլուզիաներից։

Ես Առուշ Առուշանյանին չեմ մեղադրում, Առուշ Առուշանյանն այն է, ինչ որ կա, հասկանու՞մ եք, հիմա ինչու՞մն է «задержка»-ն, ինչի՞ չեք կալանավորում, մարդն ասում է՝ պրոբացիոն ծառայությունը ինչ արել է ճիշտ է արել, ներկայացվել է նրան կալանքի, մարդը գտնում է, որ ինքն արժանի է կալանքին, պաշտոնազրկմանը, ավելին՝ իր հետ տեղի ունեցածը ինքը չի համարում քաղաքական հետապնդում և որոշ լրատվամիջոցներ, որ փորձում էին այս ամենին քաղաքական կոնտենտ ու երանգ տալ՝ ասելով, որ երևի պատճառն այն է, որ ինքը Սյունիքում՝ Գորիսում, ընդունել է Սրբազանին, այդ մարդն ասում է՝ NO, այստեղ քաղաքական հետապնդում չկա, ես օրինազանց եմ, պատժեք ինձ, հիմա ինչու՞մն է «задержка»-ն»։

Զոհրաբյանը նաև անդրադարձել է «Սյունյաց ղեկավարների»՝ Քոչարյանի պայքարին միանալուն, սակայն Նիկոլ Փաշինյանի կնոջը ծաղկեփնջերով ընդունելուն։

«Մենք տեսնում ենք համայնքապետեր, ովքեր այն պահին, երբ որ թվում էր, թե ընդդիմության հաղթանակը մոտ է, աջուձախ Սյունյանց ողջույններ էին սփռում, հետո դարձան Նիկոլ կնոջ առաջ տասը հարկ ծաղկեփնջերով խոնարհվողներ։ Այնպես, որ եկեք այդ տղային չմեղադրենք. նա երբևէ չի հավակնել հերոսի, մենք , իր մտերիմները, լրատվական դաշտը փորձել ենք իրենից կերտել ինչ-որ մի կերպար՝ իրականում նրա այդպիսին չլինելով։ Մեղավոր չի Առուշ Առուշանյանը, որ իրեն Նժդեհ համարող իլուզիաները փլվել է։ Ես իսկապես ցավում եմ, որ ընդդիմադիր դաշտում շատ են այդպիսի դեմքերը։ Բայց եթե Առուշանյանը պնդում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն ինքը մի բան մեզանից շատ ավելի լավ գիտի։

Լրագրողի արձագանքին, թե տղայական լեզվով ասած՝ Առուշ Առուշանյանը կոտրվե՞ց, Զոհրաբյանը ասաց. «Բոլոր լեզուներով ասած՝ ինքը կոտրվեց տղայականո’վ էլ, չտղայականո’վ էլ, վաղուց էր կոտրվել և ոչ միայն ինքը։ Երբ որ Սյունյանց ողջույններ էին բղավում, պետք է հաշվի առնեին, որ իրենց բերելու են ծաղիկ տալու դաշտ, լավ է՝ չէին ստիպել ծաղիկը գնալ դաշտերից անձամբ հավաքել, այդ կադրերը նկարել, հետո ասեին՝ տարեք ձեր քաղած ծաղիկը տվեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ