ԲԱՑԱՌԻԿ. Civic.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՅԴ Բյուրոյի ներքին շրջաբերականը. դաշնակները կողմ են անկախությունը Ռուսաստանին զիջելուն

Գաղտնիք չէ, որ ներհայաստանյան քաղաքական դաշտում ռադիկալ ընդդիմադիր տրամադրություններ հարուցող, դրանք սպասարկող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարական զարգացումները և խաղաղության գործընթացը տորպեդահարող, շատ հաճախ ուժային որոշ կենտրոնների ուղիղ հանձնարարականները կատարող քաղաքական ուժերի, անհատների, այսպես կոչված շարժումների պակաս չկա։ Այս ուժերը իրենց գործունեության բերումով հանրության շրջանում արդարացիորեն վաստակել են «5-րդ շարասյուն» «պատվանունը»։ Իր ավելի քան մեկդարյա գործունեությամբ պարծեցող, սակայն առավելապես Հայաստանի պետականությանը և հայ ժողովրդին հասցրած վնասներով հայտնի ՀՅԴ-ն թերևս իր «պատվավոր տեղն» է զբաղեցնում այդ ուժերի շարքում։

Մեր տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ Բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ դրվագներ։

Այսպես, կուսակցությունը իր անդամներին ուղարկված շրջաբերականի կետերից մեկով հանձնարարում է ամեն ինչ անել՝ սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տորպեդահարելու, դրա իրագործումը տապալելու համար,- «Սահմանազատման, սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ուստի, անհրաժեշտ է վիժեցնել այդ գործընթացը, իսկ նվազագույնը՝ խոչընդոտներ ստեղծել այդ գործընթացն առաջ մղելու ճանապարհին»։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նման տուրբուլենտ իրավիճակում սահմանազատված և սահմանագծված սահմանների առկայությունը ակնհայտորեն բխում է ՀՀ շահերից, երաշխիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար, մինչդեռ դաշնակների համար այն վտանգավոր է, թերևս լոկ այն պատճառով, որ դրանով նվազագույնի է հասցվում սահմանային էսկալացիաների հնարավորությունը, ինչն էլ կուսակցությունը բազմիցս օգտագործել է ներքաղաքական պայքարում դիվիդենտներ հավաքելու, իշխանությունների հասցեին անհարկի մեղադրանքներ տեղալու համար։ Այլ կերպ ասած, եթե սահմանին հանդարտ է, դաշնակների խոսույթը խիստ ժամանակավրեպ է դառնում, ուստի նման էսկալացիաները բխում են նրանց շահերից։ Գիտակից մարդու համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարելի է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը։ Հայաստանի տնտեսական կապուղիների շրջափակումը, հիշեցնենք, մեր պետության ընտրությունը չի եղել, այլ մեզ պարտադրվել է դեռևս 90-ականներից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Յուրահատուկ հիշատակման է արժանի նաև ՀՅԴ եռանդուն հավատարմությունը՝ Ռուսաստանին և վերջինիս ազդեցության գոտիների պահպանմանը՝ մեր տարածաշրջանում։ Մասնավորապես, կուսակցությունը արձանագրում է. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ …Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում…»։ 2023-ին ԼՂ-ում տեղի ունեցած հեղաշրջումը, դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ այս ծրագիրը Դաշնակցությունը փորձել է հողի վրա կիրառել, որից հետո Հայաստանը, ինչպես շրջաբերականում է ասված, որպես մեկ միություն, ուղղակիորեն պետք է ենթարկեցվեր Ռուսաստանին։ Ի դեպ՝ ԼՂ-ում իշխանափոխության հասնելու հրամայականը ևս հստակորեն արձանագրված է կուսակցության շրջաբերականում. «Արցախում ազգային համաձայնության իշխանության ձևավորումը հնարավորություն է ազատագրական պայքարի նոր հանգրվան սկսելու համար։ Որևէ խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը»։ Այս արձանագրում անելուց ընդամենը մեկ տարի անց ՀՅԴ ակտիվ ներգործությամբ ԼՂ-ում իշխանափոխություն տեղի ունեցավ, որից ընդամենը մի քանի օր անց նոր իշխանությունը ստորագրեց ԼՂ լուծարման հրամանագիրը։

Շրջաբերականում հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս նաև կուսակցության ներքին քննարկումներից, տիրող մթնոլորտից, ինչից պարզ է դառնում, որ ՀՅԴ ղեկավար մարմինն ինքն է ընդունում, որ իրենց առաջ քաշած քաղաքական օրակարգերը չեն ընդունվում հանրային լայն զանգվածների կողմից, կուսակցությունը ունի նաև ներքին կազմակերպական մի շարք խնդիրներ, ինքնաքննադատության և ինքնահայեցման պակաս։ Մասնավորապես նշվում է,- «ՀՅԴ Բյուրոյի որոշումները երբեմն կայացվել են պահի թելադրանքով, որպես սոսկ արձագանք իրադարձություններին և ուշացած։ Բյուրոյի տեղեկագիրը երկար է տեղեկություններով, կարճ՝ վերլուծումներով, քիչ են առաջարկությունները, ինքնագնահատումը կամ ինքնաքննադատությունը…։ Կուսակցական որոշ կառույցներում 2021թ. հունիսին արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու վերապահությունների կողքին, պետք է նկատել, որ «Հայաստան» դաշինքի կազմով ընտրություններին մասնակցած ՀՅԴ-ն ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժն է, և լինելով դաշինքի մղիչ ուժը՝ խորհրդարանական հարթակն օգտագործում է ՀՅԴ քաղաքական կշիռը մեծացնելու համար»։ Այլ դրվագներով կուսակցությունն ըստ էության ընդունում է, որ իրենց քաղաքական կերպարը ընկալելի չէ հանրության շրջանում,- «Նպատակային քայլերով պետք է փոխել ՀՅԴ-ի հանդեպ ձևավորված կարծրատիպերը… Հայաստանի քաղաքական դաշտում մեր մոտեցումներն ու գործողությունները հաճախ դժվարությամբ են ընկալվում կամ առաջացնում դժգոհություններ…Ներկա ժամանակներում անգամ գաղափարապես համախոհ անհատները խուսափում են կուսակցությանը անդամագրվել՝ մշտական պարտականությունների պատճառով…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ