Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աղմկահարույց հարցազրույցում անդրադարձել է ոչ միայն Հայաստանին, այլև Ղազախստանին, և մասնավորապես ասել. «Երբ Ղազախստանում ինչ-որ բան տեղի ունեցավ, Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին՝ «Պուտին, Լուկաշենկո, օգնեք»: Եվ մենք կես օրվա ընթացքում (ՀԱՊԿ խաղաղապահներին) տեղափոխեցինք այնտեղ, մեր ինքնաթիռներն այնտեղ՝ Ղազախստանում, վայրէջք կատարեցին: Հանդարտեցրին»:
Լուկաշենկոն ասել է, որ իր խոսքերը չպետք է համարել նախատինք կամ պարտքը մարելու պահանջ, բայց կոչ է արել հասկանալ, որ մի օր դարձյալ կստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում նորից օգնելու խնդրանքով կդիմեն Մոսկվային և Մինսկին, բայց «ոչ ոք չի գա ձեզ օգնություն»։
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինի հետ հանդիպմանը ասել է՝ Բելառուսը պետք է օբյեկտիվորեն գնահատի Ղազախստանի դիրքորոշումը «ընթացիկ գործընթացների վերաբերյալ»։
«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղասիրական արտաքին քաղաքականություն՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։ Մեր երկիրը խորապես համոզված է, որ պետությունների միջև առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- փոխանցել է արտաքին քաղաքական գերատեսչությունը ԱԳ նախարարի խոսքերը։