Իրանը ներկայացրել է, թե ինչն է եղել նախագահի ողբերգական մահվան պատճառը

Իրանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանն ավարտել է նախագահ Իբրահիմ Ռայիսիի ողբերգական մահվան հանգամանքների քննությունը: Ըստ իրանական Ֆարս գործակալության, քննական մարմինը հայտարարել է, որ աղետը եղել է դժբախտ պատահար: Ըստ տեղեկության, ուղղաթիռում եղել է նախատեսվածից ավելի մարդ, ինչի պատճառով այն չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրություն ու մառախուղի պայմաններում բախվել է սարին: Ի դեպ, հարկ է հիշել, որ ուղղաթիռում նախագահ Ռայիսիի հետ եղել էր նաեւ արտգործնախարար Աբդոլահիանը, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ: Նրանք վերադառնում էին իրան-ադրբեջանական սահմանին Ալիեւ-Ռեյիսի հանդիպումից:

Հենց սկզբից էլ նկատելի էր, որ Թեհրանը հակված չէ նախագահի ուղղաթիռի աղետը «դասել» դիվերսիայի, ահաբեկության, մահափորձի շարքը: Մյուս կողմից, սա թերեւս նաեւ միանգամայն օրինաչափ է, որովհետեւ հայտարարել, որ եղել է կողմնակի ազդեցությամբ պլանավորված կործանում, նշանակում է հայտարարել, որ եղել է հարձակում պետության վրա: Հարձակումը պետության ղեկավարի վրա դա հարձակում է պետության վրա, հետեւաբար այդ դեպքում հնարավոր չէ օրինակ պատասխանի հարցում գործել այնպես, ինչպես օրինակ այսօր Իրանը գործում է Իսրայելի սադրանքների հանդեպ պատասխանի պարագայում, նախապատվությունը տալով «ռազմավարական համբերությանը»:

Ավելին, բացառված չէ նաեւ, որ իրանյան հետաքննության եզրակացությունն էլ հենց «ռազմավարական համբերության» տրամաբանության շրջանակում է: Համենայն դեպս, ըստ էության հնարավոր չէ ասել՝ այն, ինչ ներկայացվում է, իրականությու՞նն է, թե՞ ոչ: Իրանը կհայտարարե՞ր նախագահի սպանության մասին, եթե անգամ բացահայտեր, որ եղել է հենց այդպես: Հազիվ թե, որովհետեւ այստեղ կա ոչ միայն պատասխանի հարցը, այլ թերեւս մի շարք ուրիշ նուրբ շերտեր: Սրանք իհարկե վարկածային դիտարկումներ են, որովհետեւ միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ չկա Իրանի հետաքննության հրապարակված եզրակացությանը կասկածելու որեւէ առիթ: Բոլոր դեպքերում, օրինակ զարմանալի է, որ ուղղաթիռում ներկաների քանակը գերազանցում է թույլատրելին, սակայն Իրանի նախագահի անվտանգությունն ապոհովող կառույցները չեն խոչընդոտում գերբեռնվածծ ուղղաթիռի թռիչքին:

Համենայն դեպս դա տարակուսելի է: Բոլոր դեպքերում, Իրանը փաստորեն հրապարակային պաշտոնական մակարդակում «փակում» է թեման: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի, որ դա փաստորեն տեղի է ունենում Իրանի խորհրդարանում երկրի նոր կառավարության կազմը հաստատելուն զուգահեռ, ըստ էության նույն օրը: Խորհրդարանում կառավարության կազմի հաստատման առնչությամբ մեկնաբանությունում արդեն իսկ արձանագրել էի Իրանի ներիշխանական շրջանակում, այսպես ասած տարբեր թեւերում առկա բավականին լարված եւ մրցակցային փոխհարաբերությունների նշանները, հարցադրում անելով, թե արդյո՞ք կառավարության կազմի հաստատումը կարող է նշանակել, որ այդ երեւույթի առնվազն ակտիվ, այսպես ասած եռացող փուլը ավարտվում է: Այդ հարցադրման ֆոնին, որ արել էի նախորդ մեկնաբանությունում, փաստացի ավելանում է նախագահի ուղղաթիռի աղետի եւ մահվան հետաքննության արդյունքի հանրայնացումը, արձանագրելով, որ եղել է «դժբախտ պատահար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ