Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից․ վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»։

«Մենք (-Խմբ. Բելառուսն ու Ռուսաստանը) իրականում նույն նավակի մեջ ենք, եթե այն շրջվի, երկուսս էլ կխեղդվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, ի՞նչ թաքցնենք դաշնակցային հարաբերությունների մասին, մենք չենք սկսում աղմկել, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ. նրանք ուզում են ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»,- ասել է Լուկաշենկոն «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը երկուշաբթի երեկոյան ցուցադրել է բելառուսական «Բելառուս-1» հեռուստաալիքը:

Լուկաշենկոն ասել է, թե այդպես չի լինում:

«Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն, այլ դիմելու տեղ չկա: Ղազախստանում երբ ինչ-որ բան եղավ՝ ո՞ւմ դիմեցին՝ Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինին ասացին՝ օգնեք, իսկ մենք (-Խմբ. նկատի ունի ՀԱՊԿ-ը) տեղափոխեցինք ուժեր այնտեղ, կես օրում մեր ինքնաթիռները վայրէջք կատարեցին, նրանք հանդարտվեցին»,- ասել է Լուկաշենկոն։

Նա վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Ռուսաստանին ու Բելառուսին՝ օգնության համար։

Վերջինս նաև կոչ է արել չկորցնել հետխորհրդային տարածքում կառուցված տնտեսական կապերը։

«Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայո՞ւմ, թե՞ Եվրամիությունում… Ոչ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դա: Սա ընդհանուր շուկա է: Ինչո՞ւ կորցնել այն, ինչ կա»,- ասել է Լուկաշենկոն:

Ռուսական շահերը անմոռաց կերպով սպասարկող Բելառուսի ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը՝ տգեղ ու իր ոճին հարիր ինքնահավան հայտարարություններ անելով. «Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից, թող նրանք զարգացնեն իրենց տնտեսությունը, ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, Մակրոնը վաղը չի լինի՝ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ