Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։
Մինչ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ «թացն ու չորը կզատեին իրարից», ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։Դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի մասին որոշ հանգամանքներ են պարզել։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։ Ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։