Վահան Քերոբյանի գովազդած «Shell» բենզալցակայաններից եկամուտ է ստանում նրա փեսան՝ դստեր ամուսինը

Թե նախարար  եղած ժամանակ, և  թե դրանից հետո Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կարծես առիթը բաց չի թողնում Հայաստանում «Shell» ապրանքանիշի  բենզալցակայանների բացումը գովազդելով ու դա իր անձնական ձեռք բերումը համարելով։ Կարծես անձնական շահ կամ շահագրգռվածություն ուներ Քերոբյանը «Shell» ապրանքանիշի  բենզալցակայաններից։

Պարզվում է,  Վահան Քերոբյանի փեսան՝ դստեր ամուսինը,  նույն ինքը Լիպարիտ Ասատրյանը «Ռոյալ օյլ» ՍՊ ընկերությունում  կազմակերպում է բրիտանա-նիդերլանդական հայտնի «Shell» ապրանքանիշի  բենզալցակայանների աշխատանքը, որը  փաստացի պատկանում է «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխաիլ Հարությւոնյանի ընտանիքին։ «Shell» ապրանքանիշի  բենզալցակայանների գործարկման գործընթացները Հայաստանում միջազգային գործընկերների հետ կազմակերպել են Հարությունյանները։  Սակայն բենզալցակայանների տարածքում  գործող մինիմարկետների աշխատանքի կազմակերպումը իրականացնում է Վահան Քերոբյանի փեսան՝  Լիպարիտ Ասատրյանը, ինչի դիմաց եկամուտ է ստանում «Ռոյալ օյլ» ՍՊ-ից։

Ի դեպ, «Shell» ապրանքանիշի  բենզալցակայանի բացման օրը ներկա էր նաև Վահան Քերոբյանը։ Իսկ ներկաներից շատերի՝  այդ թվում Հարությունյանների համար անակնկալ է եղել, երբ տեղեկացել են, որ  բենզալցակայանների աշխատանքը կազմակերպող Լիպարիտ Ասատրյանն իրականում Վահան Քերոբյանի փեսան է։

Եվ  հենց սրանով է պայմանավորված Վահան Քերոբյանի կողմից «Shell» բենզալցակայանների անտրտունջ գովազդը՝  փեսան եկամուտ է ստանում։

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ