Օգոստոսի 5-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Պարզվել է՝ որտեղից է վիրավորը տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները ժամանել են նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն է: Այնտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն կան կասկածյալներ և օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզվում են։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ աղբյուրը չի հայտնել: